Մահացել է գրող և դիվանագետ Ստեֆան Հեսսելը [fr]

Հանրապետության նախագահի պաշտոնական հաղորդագրությունը
Փարիզ, 27 փետրվարի 2013թ.

Մեծ ցավով տեղեկացա Ստեֆան Հեսսելի մահվան մասին` գործիչ, որն իր բացառիկ կյանքը նվիրել է մարդկային արժանապատվության պաշտպանությանը:

Հանուն իր որդեգրած արժեքների էր, որ նա ներգրավվեց Դիմադրության շարժման մեջ:

Աշխարհի համընդհանուր կառավարման անհրաժեշտության գիտակցումը նրան ստիպեց
մասնակցել ՄԱԿ-ի ստեղծման աշխատանքներին և կառուցել խաղաղությանը ծառայող դիվանագետի կարիերա:

Որպես պատերազմի արհավիրքը տեսած եվրոպացի`նա ձեռնամուխ է եղել մեր աշխարհամասի միավորմանը:

Որպես մեծ մարդասեր, նա ինքնամոռաց պայքարել է նախապաշարմունքների, ավանդապաշտության և պահպանողականության դեմ` հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

Ընդվզելու նրա կարողությունը սահման չուներ, բայց կյանքը` ուներ: Այժմ, երբ այդ կյանքն ավարտվեց, այն մեզ համար մեծ դաս թողեց, այն է` անարդարության ոչ մի դրսևորման առջև չընկրկել:

Մեր երախտիքի հավաստիքն եմ հայտնում Ստեֆան Հեսսելի հարազատներին և մերձավորներին:

Արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի ցավակցական հաղորդագրությունը
Փարիզ, 27 փետրվարի 2013թ.

Կորցնելով Ստեֆան Հեսսելին` մենք կորցրինք ազատության և մարդկային արժանապատվության համար պայքարող մի մարտիկի:

Ժամանակաշրջանների բազմազանության միջով իր անցած ճանապարհի ընթացքում, արիաբար ծառայելով արդար և վեհանձն նպատակների, նա մնացել է Դիմադրության արժեքների խստապահանջ վկան:

Հեսսելը նաև Ֆրանսիային և ՄԱԿ-ին ծառայող մեծ դիվանագետ էր և խաղաղության ու մարդու իրավունքների եռանդուն պաշտպան: Մենք միշտ կհիշենք ակտիվ քաղաքացուն, նրա հայացքները, պայծառամտությունը, վեհանձնությունը, խանդավառությունը, բարյացկամությունն ու արդարության հանդեպ մեծ սերը:

Խորին երախտագիտությամբ և վշտով խոնարհվում եմ նրա պայծառ հիշակատակի առջև և հայտնում զորակցությունս նրա ընտանիքին և հարազատներին:

Կենսագրություն

Գրող և դիվանագետ Ստեֆան Հեսսելը ծնվել է Բեռլինում 1917 թվականին, մահացել` Փարիզում 2013 թվականի փետրվարի 27-ին:
1924 թվականին, ծնողների հետ տեղափոխվել է Փարիզ արդեն` որպես համոզված եվրոպացի, իսկ 1937-ին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Ստեֆան Հեսսելը ներգրավվել է Դիմադրության շարժման մեջ: Բացահայտվելով ապա բանտարկվելով նացիստների կողմից նա աքսորվել է Բուխենվալդի համակենտրոնացման ճամբար: Դիմակայելով դաժան փորձությանը նրան հաջողվում է կենդանի մնալ ու փախչել` նախքան պատերազմի ավարտը:

1946 թվականին նշանակվելով ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակի Ֆրանսիայի ներկայացուցչության անդամ` նա մասնակցել է Մարդու իրավունքների հռչակագրի մշակմանը: Ողջ կյանքի ընթացքում նա խորապես մնալու էր կապված Մարդու իրավունքների գաղափարին: Եվ հենց այդ կապվածության շնորհիվ էր, որ նա համաձայնեց իրականացնել բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ Ասիայում և Աֆրիկայում:

2010 թվականին լույս է տեսնել Ստեֆան Հեսսելի «Վրդովվեք» գիրքը, որը բազմիցս պարգևատրվել է: Գիրքը նաև արժանացել է Բեռլինի Ակադեմիայի մրցանակին` ֆրանս-գերմանական բարեկամության մեջ ունեցած իր ավանդի համար:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ