Ֆրանսիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների երեսնամյակ [fr]

Ս․թ․ փետրվարի 24-ին նշում էինք հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի հիմքում ընկած է այս երկու ժովովուրդների դարավոր բարեկամությունը։

Այս առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպվել էր միջոցառում։ Եվրոպայի և արտաքին գործերի պետքարտուղար, զբոսաշրջության, արտասահմանում ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու Ժան- Բատիստ Լըմուանն այս առիթով իր տեսաուղերձում վերահաստատեց Ֆրանսիայի հաստատակամությունը Հայաստանի հետ համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում, հատկապես տնտեսական ոլորտում։ Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձան այս երեսուն տարիների հիմնական փուլերին, որոնք նշանավորվել են Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, նախագահներ Շիրակի, Օլանդի և Մակրոնի Հայաստան կատարած այցերով, ինչպես նաև 2006 թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2007 թ․ հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան, իմ բարեկամ» խորագիրը կրող մշակութային տարվա կազմակերպմամբ։ Մեծարանքի տուրք մատուցվեց Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպանին՝ տիկին Ֆրանս դը Հարթինգին, ինչպես նաև 1992 թ-ից ի վեր դեսպանությունում աշխատող ազգությամբ հայ և ֆրանսիացի բոլոր աշխատակիցներին։ Մատենադարանի տնօրեն և Ֆրանսիայում ՀՀ գործերի առաջին հավատարմարար պարոն Վահան Տեր- Ղևոնդյանը, ինչպես նաև Արուսյակ Ամիրջանյանը, ով եղել է Ֆրանսիայի դեսպանների թարգմանչուհին մինչև 2019 թ-ը, կիսվեցին իրենց հուշերով հանրության հետ։ Դեսպանության ընդունելության սրահում կազմակերպվել էր նաև այս երեսուն տարիները պատկերող լուսանկարների ցուցահանդես։

30 տարի դիվանագիտական հարաբերություններ ասելով հասկանում ենք՝

  • 30 տարվա քաղաքական երկխոսություն ամենաբարձր մակարդակով, որի ընթացքում տեղի է ունեցել 33 երկկողմ այց,
  • 30 տարվա մշակութային, գիտական, կրթական և տնտեսական համագործակցություն՝ մեր երկու երկրների միջև ստորագրված 29 պայմանագրերով և մշակութային մեծ ցանցով (Հայաստանում Ֆրանսիական Համալսարան, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց, Ֆրանսիական ինստիտուտ), ինչպես նաև անցած տարվա դեկտեմբերի 9-ին պարոն Միրզոյանի և պարոն Լըմուանի կողմից ստորագրված ճանապարհային քարտեզով։
  • 30 տարվա համերաշխության դրսևորում հասարակական կազմակերպությունների և Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից իրականացվող գործողությունների հետ մեկտեղ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս երեսուն տարիների ընթացքում նպաստել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը։

տպագրված ... 02/03/2022

Էջի սկիզբ