Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում են Հայաստանում տեղահանված անձանց աջակցելու համար [fr]

Երևան, ՀԱՅԱՍՏԱՆ. ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300,000 եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները:
Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որպեսզի ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց:
Ֆրանսիայից ստացված ներդրումը հնարավորություն կտա տեղահանված բնակչությանը սննդամթերք գնել տեղական շուկաներից և դիվերսիֆիկացնել իրենց սննդակարգը՝ առողջ ապրելու համար: Օգնությունը միտված է աջակցելու այն անձանց, ում պարենային անվտանգությունը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում և կօգնի նրանց հաղթահարել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները:

«Մենք ուրախ ենք Հայաստանում Ֆրանսիայի կառավարության հետ նոր գործընկերություն հաստատելու համար և երախտապարտ ենք այս անգնահատելի ներդրման համար, որը կօգնի մեզ աջակցել անապահով բնակչությանը: Դա կարելի է անել միայն համատեղ ջանքերի շնորհիվ»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ, տնօրեն Ելենա Միլեսովիչը: «Մենք անհամբեր սպասում ենք Ֆրանսիայի հետ գործընկերության ընդլայնմանը և միասին լուծումներ կգտնենք մարդկանց սննդի անվտանգության խնդիրները լուծելու համար՝ ապահովելով, որ ոչ ոք չանտեսվի»:

«Ֆրանսիայի կառավարությունը հպարտ է մասնակցելու ՊՀԾ-ի ջանքերին` Հայաստանում առավել խոցելի անձանց օգնություն ցուցաբերելու գործում: ՊՀԾ-ի հետ համագործակցությունը կապահովի, որ մեր օգնությունը հասնի առավել կարիքավորներին ողջ երկրով մեկ»,- ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Լաքոտը:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել armenia.BFM@wfp.org էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում: Սա ՊՀԾ-ին հնարավորություն կտա անդրադառնալ մտահոգություններին ու հարցումներին:

տպագրված ... 06/08/2021

Էջի սկիզբ