«Ֆրանսիան կարող է իր գոհունակությունը հայտնել, որ համաժողովը գումարվում է Երեւանում» [fr]

JPEG Selon l’Ambassadeur Extraordinaire et Plénipotentiaire de France en Arménie, Jean-François Charpentier, la possibilité de se comprendre mutuellement est aussi une possibilité de dialoguer.

Ըստ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի, փոխադարձաբար միմյանց ընկալելու հնարավորությունը նաեւ երկխոսության հնարավորություն է: Հոկտեմբերի 10-11-ը Երեւանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի անդամ երկրների եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ: «Առավոտը» այս առիթով զրուցեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի (լուսանկարում) հետ: Պարոն դեսպանին խնդրեցինք անդրադառնալ միջոցառման կարեւորությանն ընդհանրապես եւ հենց Հայաստանում անցկացվելու փաստին: «Ֆրանսիան կարող է իր գոհունակությունը հայտնել առ այն, որ Ֆրանկոֆոնիայի նախարարական 31-րդ համաժողովը գումարվում է Երեւանում: 2012թ.-ին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը միաձայն կերպով դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելով հանդերձ՝ Հայաստանը, բնականաբար, ցանկացավ իր գործուն մասնակցությունն ընդգծել, ինչի մի տարբերակ էլ Հայաստանի ցանկությունն էր այս տարի հյուրընկալել Նախարարական համաժողովը: Իմիջիայլոց, անցյալ տարի Դաքարում կայացած նախարարական համաժողովի ժամանակ բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին այդ առաջարկը»,-ասաց պարոն Շարպանտիեն: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այս համաժողովի ուղերձը եւ ի՞նչ կարեւորագույն կետեր կշեշտադրի: Դեսպանը պատասխանեց, որ ուղերձները նույնն են, դարձյալ կարեւորվելու են հանդուրժողականությունը, երկխոսությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: «Եթե բանաձեւելու լինենք 31-րդ համաժողովի որդեգրած ուղղությունները, ապա երեք բառ կշեշտադրենք՝ հանդուրժողականություն, երիտասարդություն եւ կլիմայական փոփոխություններ: Վերջին ժամանակներս հատկապես մեծ է մտահոգությունը շատ երկրների կողմից՝ կլիմայական փոփոխությունների առնչությամբ»,-հավելեց դեսպանը: «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է Ֆրանկոֆոն արժեքներ քարոզել Եվրասիական Հայաստանում, գաղափարախոսությունների հակասություն չի՞ տեսնում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որեւէ հակասություն չեմ տեսնում: Միտքս զարգացնելու համար ես էլ կօգտվեմ վերջերս շատ գործածվող գլոբալացված աշխարհ եզրույթից: Դա ենթադրում է մի գործընթաց, որը միտված է ընդարձակման, շփումների՝ տարբեր երկրների տնտեսական մակարդակներով եւ ոչ միայն տնտեսական: Խոսքն ընդհանրապես ժողովուրդների գլոբալացված հարաբերությունների մասին է, որտեղ բացառիկության մոտեցումը չկա: Աշխարհում շատ կան երկրներ, որ միաժամանակ մի քանի կառույցների են անդամակցում: Վերցնենք Ֆրանսիայի օրինակը՝ Ֆրանսիան ԵՄ անդամ պետություն է, Ֆրանսիան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահ է, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության լիիրավ անդամ: Այդ բոլորը մեկը մյուսին չեն հակասում: Կամ՝ վերցնենք Աֆրիկյան մայրցամաքը, որտեղ տարբեր երկրներ կան՝ տարբեր կառույցների ինտեգրված: Միեւնույն ժամանակ աֆրիկյան շատ երկրներ անդամակցում են նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը»: Քանի որ ՀՀ Ազգային ժողովը 2014 թ.-ից Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ է, դեսպանից հետաքրքրվեցինք այդ համագործակցության արդյունավետությամբ: «Ինչ այդ համագործակցությունը կայացել է, խորհրդարանական դիվանագիտությունն իր բաժին մասնակցությունն է ցուցաբերում այս գործընթացում, ինչը դրական եմ գնահատում: Մարտ ամսին էլ կայացել է մեկ այլ կարեւոր հանդիպում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եւ ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբի միջեւ, ինչը չի կարող դրական պտուղներ չտալ»,-հնչեց պատասխանը: Պարոն Շարպանտիեի հետ զրույցում փաստեցինք, որ Հայաստանում երկու ֆրանկոֆոն բուհ կա՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը եւ Ֆրանսիական ինժեներական ինստիտուտը, նաեւ հարցրինք՝ համաժողովի շրջանակներում եւ ընդհանրապես այդ բուհերի հետ կապված որեւէ բան նախատեսվո՞ւմ է: «2011թ. մարտին Հայաստանում Ֆրանսիական համալսարանում բացվել է Ֆրանկոֆոնիայի Սենգորի ամբիոնների միջազգային ցանցի հայկական մասնաճյուղը, որի նպատակն է ճանաչելի դարձնել ֆրանկոֆոնիան իր տարբեր կողմերով: Իմ գոհունակությունն եմ արտահայտում առ այն, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հնարավորություն ունի աշխատել Սենգորի ամբիոնների ցանցի համապատասխան կառույցների հետ, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում նման ամբիոնի բացումն արդեն մեծ առաջխաղացում էր, որովհետեւ սա այն ցանցն է՝ գիտական մակարդակով հիմնված, որը հնարավորություն է տալիս դասախոսներին, գիտնականներին աշխատել միասին: Սենգորի ամբիոնից զատ կա մեկ այլ կարեւոր կառույց՝ Ֆրանկոֆոնիայի բուհական գործակալությունը, որի կենտրոնակայանը Կանադայում է: Դա բուհական համագործակցության ոլորտի հզոր կառույց է: Հայաստանյան բուհեր՝ Հայաստանի Ֆրանսիական համալսարանը, Երեւանի պետական համալսարանը, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Հայաստանի ազգային ճարտարապետական համալսարանը անդամակցում են այդ կառույցին: Երեւանի բժշկական համալսարանը եւս հավակնում է միանալ: Հավելեմ, որ համաժողովի շրջանակում բուհական ոլորտի հարաբերությունների սերտացման հարցը նույնպես կքննարկվի, նմանատիպ բոլոր հարցերը օրակարգում են: Ավելին, հոկտեմբերի 12-ին նախատեսված է մեծ հանդիպում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի, բուհական համալսարանական գործակալության ներկայացուցիչների հետ»,-հայտնեց դեսպանը: Նաեւ նշեց, որ Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով դեսպանությունը՝ ԱԳՆ իր գործընկերների հետ, կկազմակերպի երկու մշակութային միջոցառում: Ֆրանկոֆոն «ԲԻԿ» ռեփ-ֆոլք խումբը Հայիթիից եւ «Պոկեմոն Կրյու» հիպ-հոպ խումբը հանդես կգան բացօթյա անվճար համերգով հոկտեմբերի 9-ին՝ Կասկադ համալիրում եւ հոկտեմբերի 11-ին՝ Տիկնիկային թատրոնում: Դեսպանությունն ակնկալում է մեծաքանակ հանդիսատեսի մասնակցություն այս բացառիկ մշակութային միջոցառումներին: «Մենք անպայման ցանկանում ենք, որ քաղաքական կարեւոր իրադարձությունն ուղեկցվի մշակութային շեշտադրմամբ: Հույս ունենք, որ առաջին համերգին կմասնակցի Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը եւ մի համերգ էլ նախատեսված կլինի Վեհաժողովին մասնակցող պատվիրակների համար: Մենք ցանկացանք հայ հանդիսատեսին ի ցույց դնել այն դինամիկան, որով օժտված է Ֆրանկոֆոնիան՝ աշխարհի բոլոր ծագերում, որտեղ որ ջատագովված է»,-ընդգծեց նա: Պարոն Շարպանտիեին հարցրինք՝ ցանկացած դեսպան իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո հիշվում է ինչ-ոչ քայլով, ձեւավորած ավանդույթով, ինչպիսի՞ն կուզեր հիշվել: «Ես նոր-նոր եմ ծավալում իմ գործունեությունը Հայաստանում, եւ չեմ մտածել, թե ինչ-որ տեղ պիտի նախատեսվի ինձ համար հայ-ֆրանսիական դիվանագիտական պատմության մեջ: Նպատակ չեմ դրել, որ իմ անունը ասոցացվի ինչ-որ իրադարձության հետ: Իմ մոտեցումը հետեւյալն է՝ նպաստել, որ ամեն կարեւոր բան կատարվի: Ի սկզբանե Հայաստան ժամանելուն պես բացահայտել եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ հագեցած են: Անձամբ ես՝ կարեւորում եմ տնտեսական հարաբերությունների խորացումը, ցանկանում եմ՝ դրանք հասնեն մի մակարդակի, ինչպիսին հայ-ֆրանսիական քաղաքական եւ մշակութային հարաբերություններն են: Ուզում եմ նպաստել, որ Հայաստանում իրական Ֆրանսիան իմանան: Թե չէ՝ Հայաստանում մարդկանց աչքին առայսօր այն Ֆրանսիան է, որ կար 30-40 տարի առաջ: Ես ուզում եմ, որ հայերը սիրեն այսօրվա Ֆրանսիան ու ծանոթանան այսօրվա Ֆրանսիային: Դրա համար պետք է ավելի շատ գրքեր թարգմանվեն, ավելի շատ ժամանակակից ֆրանսիական ֆիլմեր ցուցադրվեն, ֆրանսիական ժամանակակից երաժշտությունը եւ արվեստը իր բոլոր դրսեւորումներով ներկայացվի Հայաստանում, հայ գիտնականները, հետազոտողները ավելի մոտիկից շփվեն գիտական ու տեխնիկայի հզորագույն նվաճումներ ունեցող գերտերություն Ֆրանսիայի հետ: Հենց սա է այն մարտահրավերը, որ ամրագրել եմ իմ եւ իմ բոլոր թիմակիցների համար, որոնց հետ աշխատում եմ»,- ասաց դեսպանը: Քանի որ կա տեսակետ, որ մշակույթն ամենամեծ քաղաքականությունն է, եւ գեղեցիկը կփրկի աշխարհը, պարոն դեսպանին հարցրինք՝ արդյոք ինքը եւս այս տեսակետի կողմնակիցն է: «Աշխարհը փոխելը մի քիչ հավակնոտ կլինի, բայց այն, որ արվեստն ու մշակույթն ունեն մարդկության մեջ հավասարակշռությունը պահելու եւ մարդկությանը չարությունից, միմյանց չհասկանալուց, հակամարտություններից ու պատերազմներից զերծ պահելու դերակատարություն, փաստ է: Որքան մարդիկ շատ են շփվում միմյանց հետ, այնքան դյուրին է դառնում դիմացինին հասկանալը: Փոխադարձաբար միմյանց ընկալելու հնարավորությունը նաեւ երկխոսության հնարավորություն է»,-համոզված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 07.10..2015

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/08/616304/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Traduit de la version anglaise disponible ici

տպագրված ... 21/10/2015

Էջի սկիզբ