Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը Այսօր ինտերնետային կայքին [fr]

1. Հարգելի պարոն Շարպանտիե, արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում ներկայացնում եք Ֆրանսիան, արդեն հասցրել եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Արդյո՞ք Ձեզ դուր է գալիս Հայաստանում:

Այո, ես այստեղ ինձ լավ եմ զգում, քանի որ հայերը շատ հյուրընկալ և ջերմ են, միևնույն ժամանակ հարգալից և հետաքրքրասեր օտարազգիների նկատմամբ : Սա դյուրացնում է շփումը և հաղորդակցվելը: Երևանը բնության գողտրիկ մի վայրում գտնվող հին քաղաք է՝ լի հմայքով, որն անտարբեր չի թողնում և շատ շարժունակ է : Այստեղ միշտ անելու հետաքրքիր մի բան կգտնվի:

2. Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձերի միջև:

Տարբերությունը, հավանաբար, Ֆրանսիայի հետ կապի ուժգնության մեջ է: Այտեղ, Հայաստանում, զգացվում է մեծ ու անկեղծ սեր դեպի Ֆրանսիան և մեր հետ աշխատելու իրական ցանկություն :

3. Ձեր կենսագրության մեջ նշված է, որ մի քանի լեզվի եք տիրապետում: Հասցրե՞լ եք արդյոք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերենը: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը ֆրանսերենի հետ, և նշել թե ո՞րն է ավելի բարդ:

Ավաղ, իմ բնական հետաքրքրասիրությունը և սերը լեզուների նկատմամբ ինձ մղեցին հայերեն սովորել : Ասում եմ «ավաղ», որովհետև հայերենը գրավիչ, սակայն դժվար լեզու է: Ինչևէ, չկա մի լեզու, որ հնարավոր չլինի սովորել: Կարևորը եռանդով և հետաքրքրվածությամբ հետամուտ լինելն է: Հայերենի պարագայում, նախ հարկավոր է ընտելանալ բոլոր լեզուներից տարբերվող այբուբենին, հետո մտապահել բառապաշար, որ ձևավորել և նշանակալիորեն հարստացրել է պատմության 17 դարերի կերտած մշակույթը : Չնայած ամեն ինչին, այբուբենի անջրպետը հաղթահարելուց, ինչպես նաև երկու տարի բծախնդրությամբ սերտելուց հետո, հայերենը թվում է ճկուն լեզու, հարմարվող քերականությամբ, որից կարելի էր վախենալ առաջին հայացքից: Սակայն ամենաշատն ինձ զարմացնում է հայերի հակազդելը, երբ փորձում եմ նրանց հետ հայերեն խոսել: Ինձ հաճախ պատասխանում են օտար լեզվով, համոզված, որ ոչ մի օտարերկրացի ընդունակ չէ իրենց հասկանալ երբ իրենց լեզվով են խոսում :

4. Կարծում եմ՝ հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունեք արդյո՞ք նախընտրած ճաշատեսակներ:

Ինչպես և հայկական մշակույթը, խոհանոցը ևս ժառանգել է հին ավանդույթները: Այն առատ ու հագեցնող է, համառատ և գունառատ: Այն կապված է իր հողին: Անձամբ ես սիրում եմ թանապուրը կամ տոլման:

Ասեմ նաև, որ հիացած եմ, որ մոռացության տրված բազմաթիվ տասնամյակներից հետո, հայերը վերադառնում են խաղողագործության իրենց հին ավանդույթներին:

5. Լինելով ֆրանսիական մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություն հայկական մշակույթի հետ:

Իսկապես կա : Հատկապես գաստրոնոմիայի տեսանկյունից: Հայերը, ինչպես և ֆրանսիացիները սիրում են համեղ ուտել, գիտեն արժանին մատուցել հողի տված բարիքներին: Սակայն, կերակուրը վայելելը հազվադեպ է մեկուսի տեղի ունենում: Ճաշը կիսում են ընտանիքի, ընկերների հետ : Օրվա հատուկ այդ պահին՝ կեսօրին կամ երեկոյան, խիստ ընդգծված մտերմիկություն կա Ճաշի սեղանի շուրջ :

Ֆրանսիացիների և հայերի միջև այլ կարևոր ընդհանրություններ էլ կան՝ անհատականությունը և սեփական ծագումով հպարտ լինելը:

6. Եվ վերջին հարցս արդեն քաղաքական է: Սեպտեմբերի 22-ին Հայաստանում էր Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը, որը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի Սենատի վերին պալատում քննարկվելու է «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը: Տեղեկություններ ունե՞ք, ի՞նչ փուլում է քննարկումը և Ձեր ակնկալիքը քննարկումներից:

Ինչպես գիտեք, Հավասարության և քաղաքացիության օրենքը ցեղասպանությունների, պատերազմի և մարդկության դեմ գործած հանցագործություների քրեականացման մասին 2016 թվականի հունիսի 27-ին արված ուղղումով, նախ միաձայն քվեարկվեց Ազգային ժողովում, իսկ հոկտեմբերի 14-ին ընդունվեց Սենատում:
Հուսով եմ, որ այդ կարևոր քննարկումները կարժեվորեն և կզարգացնեն հիշողության նկատմամբ պարտավորվածությունը և հումանիզմը: Հիշողության ուղղությամբ տարվող աշխատանքը կարևոր է խաղաղության և խաղաղ զարգացման համար՝ թոթափելով սրտերում կուտակված լարվածությունը և ոխակալությունը :

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ