Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Պարոն Ժոնաթան Լաքոտի հարցազրույցը Արմենպրես լրատվական գործակալությանը [fr]

1. Պրն դեսպա՛ն, նախեւառաջ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին: Ինչպե՞ս եք այն գնահատում եւ ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք:

Հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնաշնորհյալ են՝ հիմնված դարավոր բարեկամության վրա: Այդ հարաբերության հարստությունը պայմանավորված է մեր երկրների միջև եղած կապերի որակով և խտությամբ: Երկու երկրների քաղաքական երկխոսությունն արտահայտվում է բարձրագույն ղեկավարների, ինչպես նաև խորհրդարանականների, ՏԻՄ ղեկավարների և քաղաքացիական հասարակություններին միջև տեղի ունեցող երկկողմ այցերով: Ֆրանսիան և Հայաստանը վարում են կրթամշակութային շատ սերտ համագործակցություն, որի հիանալի ապացույցներն են Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ֆրանսիական դպրոցը:

1. Հայտնի է, որ Հայաստանն ու Ֆրանսիան համագործակցության բարձր մակարդակ ունեն քաղաքական ոլորտում: Ի՞նչ կասեք տնտեսական ոլորտի մասին, ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք, եւ արդյոք երկու կողմերի ներուժը բավարար չափով օգտագործվում է:

Մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդումն իմ գործունեության գերակայություններից մեկն է : Առաջին պլանի ներդրող լինելով հանդերձ, Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանի դեռևս համեստ առևտրային գործընկերը : Առկա են խոստումնալից ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, թվային կամ առողջապահության ճյուղերը, որտեղ մեր երկրները կկարողանային արդյունավետ համագործակցել: Այս իմաստով, կարևոր զարգացումը, որը կշահագրգռեր ֆրանսիացի ներդրողներին, արտահանողներին առավել ներկա լինել Հայաստանում, դա ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումն է, որը Հայաստանին թույլ կտա կրկնակի առավելության առաջարկով հանդես գալ ցանկացած պոտենցիալ ներդրողի առջև. ԵԱՏՄ շուկայի հասանելիություն և դյուրինացված փոխանակումներ Եվրոպական Միության հետ:

2. Տնտեսական ոլորտում համագործակցությունն առավել ակտիվացնելու համար ի՞նչ առաջնահերթություններ եք տեսնում: Գործարարների համար ներդրումների հարցում ի՞նչ խնդիրներ կան, ըստ Ձեզ:

Գործարարների և ներդրողների մեծամասնության համար հայկական շուկան առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, եթե այն կամուրջ է դեպի ԵԱՏՄ և Իրան, միաժամանակ օգտվելով առևտրային արտոնյալ պայմաններից Եվրամիության հետ: Հայաստանի հետ առևտուր անելու կամ այստեղ հաստատվելու համար նրանց անհրաժեշտ են հարկային, մաքսային և իրավական հստակ, բոլորի համար անաչառ կանոններ: Ողջունում եմ ՀՀ կառավարության տնտեսական և ներդրումների խթանման ուղղված բարեփոխումները: Այս իմաստով գործունեությանս գերակայությունն է լինելու հայ-ֆրանսիական ինստիտուցիոնալ համագործակցության ուժեղացումը: Այդ համագործակցությունն արտահայտված է ահա արդեն մեկ տարի Բիզնես Ֆրանսի և Զարգացման հայկական հիմնադրամի /ԶՀՀ/ համատեղ աշխատանքով` օգնելու համար վերջինիս զարգացնելու օտարերկրյա ներդրումների գրավչությունը Հայաստանում : Այս սերտացումը օգնել է նաև դնելու առևտրային կոնկրետ համագործակցության հիմքը Հայաստանի և ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների միջև, քանի որ Ռոն-Ալպ շրջանի փոքր և միջին ձեռնարկությունների գլխավոր խորհրդի շուրջ 15 գործարարներ ս/թ հոկտեմբերի 2-6-ը ԶՀՀ հրավերով Հայաստանում էին: Գնահատելի է, որ այդ համագործակցությունը կենտրոնացած է հատկaպես ՓՄՁ-ների վրա, որոնք հատկապես կարիք ունեն օժանդակության և խորհրդատվության հայկական շուկայի առանձնահատկությունները հասկանալու համար:

3. Բավականին ակտիվ համագործակցություն է ընթանում նաեւ մշակութային ոլորտում: Ի՞նչ հիմնական շեշտադրումներով եք դուք պատկերացնում առաջիկա աշխատանքն այս ոլորտում:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հիրավի աշխույժ է մշակութային համագործակցությունը` ներառելով բազմաթիվ ոլորտներ.

• կինո- դեսպանությունը կշարունակի սատարել ֆրանսիական արտադրանքի ճանաչելիությունը ապահովող միջազգային կինոփառատոններին Հայաստանում ՝ « Ոսկե ծիրան », « ՌեԱնիմանիա », « Ռոլան Բիկով »: Ֆրանկոֆոն կինոյի փառատոնը՝գործակցությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների, մեծ հաջողություն ունեցավ 2017-ին և այն կանցկացվի նաև 2018-ին:

• ֆրանսիական երաժշտության խթանում և ֆրանսիացի երաժիշտների հետ ծանոթացում - ցանկանում ենք հայկական հեղինակավոր հաստատությունների հետ /Օպերա, Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Կոմիտասի անվան փառատոն/ խթանել նաև դասական և ժամանակակից երաժշտությունը /ջազ, համաշխարհային երաժշտություն/, ինչպես նաև համերգներ կազմակերպել մարտին՝ Ֆրանկոֆոնիայի սեզոնի կամ հունիսին՝ երաժշտության տոնի ընթացքում:

• Ֆրանկոֆոն մշակույթների և ֆրանսերենի խթանումը ևս մեր գերակայություններից է, մանավանդ 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի տեսլականում: Այս շրջանակում, մշակութային և ֆրանսերեն լեզվի արժևորմանն ուղղված մի շարք ծրագրեր կկազմակերպվեն նաև դեսպանության կողմից:

4. 2018 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Նման միջոցառման անցկացումը Հայաստանում ի՞նչ նշանություն ունի: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գագաթնաժողովից:

Մեկ տարի հետո այս գագաթնաժողովը հյուրընկալելը հրաշալի առիթ կլինի Հայաստանի համար: Հայաստանի անկախացումից ի վեր դա կլինի ամենամեծ իրադարձությունը, քանի որ ակնկալվում է ավելի քան 80 պատվիրակություն կամ ավելի քան 5000 մասնակից: Նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի այդ միջոցառմանը և, հաշվի առնելով մեզ միավորող պատմական կապերը, հայտնի է, որ ֆրանսիայի նախագահի այցը միշտ էլ իրադարձություն է Հայաստանում: Դա բացառիկ նպաստավոր առիթ է մեր երկու երկրների հարաբերությունների համար, անգամ եթե ֆրանկոֆոնիան բացառապես միայն Ֆրանսիան չէ, այլ աշխարհի հինգ մայրցամաքների 80 երկիր:

5. Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է: Համանախագահները վերջին շրջանում փորձում են ակտիվացնել Հայաստան-Ադրբեջան հանդիպումները, մասնավորապես՝ վերջերս կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ըստ Ձեզ, որքանո՞վ են դրանք արդյունավետ հարցի խաղաղ կարգավորման տեսանկյունից, երբ Ադրբեջանն ակնհայտորեն խոչընդոտում է մի շարք նախկին պայմանավորվածությունների իրականացման գործընթացը:

Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Միացյալ նահանգների և Ռուսաստանի հետ, ջանք չի խնայում ԼՂ հակամարտության բանակցված կարգավորման համար, որը երկուստեք շատ վիշտ է պատճառել բազմաթիվ ընտանիքների : Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում և խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցային սեղանի շուրջ: Ֆրանսիան ողջունեց նախագահներ Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների ակնկալվող հանդիպման մասին հայտարարությունը: Տխրությամբ եմ նշում, որ Հայաստանում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում շատ հայ զինվորներ են սպանվել շփման գծի վրա: Սա վկայում է այն մասին, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե « սառեցված» է, այլ երկու ժողովուրդների համար ողբերգական հետևանքներով հղի բաց հակամարտություն է : Ֆրանսիան կոչ է անում ինտենսիվացնել բանակցություններն՝ ավելի քան երկու տասնամյակ տևող այս հակամարտությանը լուծում գտնելու նպատակով:

6. Պրն դեսպան, ի՞նչ եք կարծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Շատ շուտով նախատեսվում է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ըստ Ձեզ՝ ինչ կտա այն երկկողմ հարաբերություններին: Ստորագրման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում:

Եվրոպական միությունը շարունակում է մնալ ամենախոշոր վարկատուն Հայաստանում կառավարման, մասնավոր սեկտորի աջակցման և հանրային վարչարարության բարեփոխման ոլորտներում: Միջազգային այլ դերակատարների հետ, ԵՄ կարող է Հայաստանին օժանդակել ամրապնդելու ցանկացած ժողովրդավարական զարգացման հիմք հանդիսացող քաղաքացիական հասարակության համախմբմանը և մարդու իրավունքների վիճակի բարելավմանը: Համաձայնագիրը կսերտացնի Հայաստանին Եվրոպական միության հետ՝ դյուրինացնելով առևտրատնտեսական հարաբերությունները վերջինիս հետ: Այն կոչված է նաև ամրապնդելու համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքների պաշտպանություն, իրավական պետության ուժեղացում, պայքար կոռուպցիայի դեմ, մշակութային շփումների զարգացում և քաղաքական երկխոսության խորացում: Համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանը կլինի Արևելյան գործընկերության առաջին երկիրը, որը միաժամանակ ադամակցելով ԵԱՏՄ-ին նման համաձայնագիր ստորագրած կլինի նաև Եվրոպական միության հետ:

7. Պրն դեսպա՛ն, կարճ ժամանակ է, որ Հայաստանում եք, ի՞նչ եք հասցրել տեսնել կամ թեկուզ համտեսել այստեղ: Կպատմե՞ք Ձեր առաջին տպավորությունների մասին:

Հինգ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո կարող եմ ասել, որ ինձ համար Հայաստանն արդեն իսկ կլանող, հրապուրող երկիր է՝ թվում է թե օրերը 50 ժամ ունեն, իսկ շաբաթները՝ 10 օր : Վերաբերի դա մշակույթին, խոհանոցին, կենսակերպին՝ Հայաստանը երկիր է, որը մշտարթուն է պահում ձեր բոլոր զգայարանները : Իր մասշտաբով,-և սա ասում եմ, որպես Լոնդոնից եկած փարիզեցի- Երևանը փոքր «քաղաք-աշխարհ» է: Այստեղ կհանդիպես բարձր մակարդակի, միշտ պոլիգլոտ դեպի աշխարհը բաց ակնառու դեմքերի: Բոլոր ասպարեզներում նկատելի է, որ մոտենում ես մի շատ հին քաղաքակրթության, որի արմատներն ընկղմված են երկար և հաճախ ողբերգական պատմության մեջ: Նորեկի համար սա չափազանց խթանող է և անգամ դեսպանի համար սա հարգանքի և համեստության տեղիք է տալիս:

տպագրված ... 17/11/2017

Էջի սկիզբ