Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ելույթը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին [fr]

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդին:

Պարոնայք նախարարներ,
Տիկին Փարիզի քաղաքապետ, թանկագի՛ն Ան,
Տիկնայք և պարոնայք պատգամավորներ,
Տիկին Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ, թանկագի՛ն Վալերի,
Պարոն Կորսիկայի Գործադիր խորհրդի նախագահ, թանկագի՛ն Ժիլ,
Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, թանկագի՛ն Պատրիկ,
Պարոնայք համանախագահներ,
Տիկնայք և պարոնայք դեսպաններ, ՏԻՄ ընտրվածներ, պաշտամունքների ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք, թանկագի՛ն բարեկամներ,
Ինչպես յուրաքանչյուր տարի, ուրախ եմ ձեզ հետ այստեղ գտնվելու համար: Ամենայն անկեղծությամբ:
Սկզբում ինքս ինձ մտածում էի, թե ինչու՞ ձեզ ելույթով ձանձրացնել, քանզի ես ուրախ եմ, մենք լավ ենք: Մեզ լավ ենք զգում ջերմ բարեկամական մթնոլորտում: Հնչեցին տիկին քաղաքապետի և տիկին նախագահի ելույթները: Այդ ամենից հետո ինչո՞ւ ես էլ խոսեմ: Չէ որ ամեն ինչ բազմիցս ասվել է: Չհաշված Ձեր արտասանած հրաշալի ճառը, թանկագի՛ն Թաներ, որին քիչ անց կանդրադառնամ: Եվ որը, կարծում եմ, պահանջում է որոշ պատասխաններ: Անշուշտ, պատասխաններ են ենթադրում նաև մեր երկու համանախագահների՝ թանկագի՛ն Արայի և թանկագի՛ն Մուրադի եռանդը, պահանջները, հարցադրումները, որոնք կրկին արվեցին ձեր կողմից: Ուստի կխոսեմ:
Կփորձեմ արդյունավետ կերպով կետ առ կետ պատասխանել:
Նախ անդրադառնալով ասվածին. անշուշտ խոսվեց հիշողության և Հայոց ցեղասպանության զբաղեցրած տեղի մասին: Խոսվեց այդ մասին, և երեկոն մեկնարկեցինք հարգանքի տուրք մատուցելով նախագահ Շիրակին: Իմ հերթին ցանկանում եմ ողջունել իմ բարեկամ Լին Ռընոյին, ով այստեղ ներկա է ի նշան ձեր և, կարծում եմ նաև, Ժակ Շիրակի հետ բարեկամության:
Ուղիղ 19 տարի առաջ այս օրը Ֆրանսիան օրենքով ամրագրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչումը: Ինչպես Ձեզ մեջբերեց Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահը, թանկագի՛ն Պատրիկ [Դևեջյան], այն արգասիքն էր շատերի կողմից մղված պայքարի: Շառլ Ազնավուրի, անշուշտ, թանկագի՛ն Նիկոլա, ով շատերի կողքին պայքարում էր հանուն այդ ճանաչման: Ֆրանսուա Միտերանի, ով դեռևս 1984թ.-ին այն անվանեց ցեղասպանություն, Ֆրանսիայում ապաստանած մի շարք մտավորականների, արվեստագետների, ցեղասպանության զոհերի ժառանգների և թոռների:
Մեկ տարի առաջ այստեղ իսկ ասացի, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրելու մասին խոստումն ի կատար կածվի: Եվ դա արվեց:
Սակայն ցանկանում եմ վերադառնալ այս կետին, քանզի ասվեց մի շատ կարևոր բան և, կարծում եմ, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահների հերթագայության մեջ կա մեկ հաստատուն բան՝ դա հայերի պայքարը չէ իրենց իսկ համար, այլ գոյության պայքար՝ Ֆրանսիայի Հանրապետության սրտում: Նախ դա ասում եմ, քանզի ցեղասպանության զոհերի բազմաթիվ ժառանգներ, թոռներ ինքնուրույն պայքարել են լռության, մոռացության, ժխտման, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների և մի շարք անարդարությունների դեմ: Եվ, ըստ էության, այդ եղբայրությունը Հանրապետության սրտում եղած կայուն իրականության մեջ է: Արժանապատվության հարց է, հանրապետական առարկա: Այդ իսկ պատճառով էլ, ի դեպ, նույն կերպ և նույն ջերմեռանդությամբ մշտապես եղել եք Ֆրանսիայի հրեաների կողմից ընդդեմ մոռացության և ժխտողականության, հանուն հիշողության և արդարության մղված պայքարի գաղափարակից եղբայրները: Ասացիք Մենք, կազմեցիք միասնական ճակատ, նախքան Հայոց ցեղասպանությունը կճանաչվեր Հանրապետության կողմից: Այսպիսով կատարեցիք մարդանպաստ գործ՝ հօգուտ Հանրապետության արժեքների, որն այդչափ հզոր է միմիայն իր պատմությանը առերեսվելիս: Քանզի մեր ազգի պատմությունը, որը հնարավոր է երբեմն-երբեմն պառակտել է նրան և ժամանակի ընթացքում խորապես հյուսում է նրա միասնությունը, որոշակի կապ է ճշմարտության հետ: Ինչպես լսեցինք քիչ առաջ, Ցեղասպանության ճանաչման պահին ճշմարտության հետ հենց այդ կապն էր, ի դեպ, հիշատակում նախագահ Շիրակը: Եվ պատմությունն ընդգրկել է հանուն ճշմարտության և ժխտողականության դեմ մղված բոլոր այդ պայքարները: Հետևաբար, հիշեցնելով այդ հանձնառությունները, ցանկանում եմ ասել նաև Ձե՛ր պայքարները, որոնք երբևէ չեն եղել լոկ հանուն հայերի կամ ցեղասպանության ճանաչման պայքարներ, այլ պայքարներ ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ՝ հանուն արդարության և Հանրապետության ներսում արժանապատվության:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ևս միայն հայերի պայքարը չէ: Այն ինչ-որ առումով, բառիս ստուգաբանական իմաստով, մշտապես ոգեշնչել Ֆրանսիայի Հանրապետությանը: Ունեցել ենք Եղեռնը գուժողներ, անմիջական վկաներ, և այստեղ ցանկանում եմ ողջունել Ժորեսների, Պեգիների, Կլեմանսոների հանձնառությունը, ովքեր նույնիսկ խիզախություն ունեցան այդ պահին զուգահեռականներ տանել Դրեյֆուսի դատավարության հետ, քանզի, նրանք հիշեցնում են, որ ոմանց համար հանուն մարդկության, արժանապատվության մղվող պայքարը մեկ ընդանուր պայքար է: Նույն կերպ մեր նավատորմի պատիվն էր 1915թ. սեպտեմբերին օգնության ձեռք մեկնել 800 ընտանիքների՝ ազատելով նրանց իրենց դահիճների ճիրաններից: Հետևաբար, պայքարը կեղեքիչների դեմ՝ հանուն ճանաչման, բարձրաձայնման, փրկության փորձերի, ի սկզբանե Հանրապետության պայքարն է:
Ցանկանում էի ասել, պարոն փոխնախագահ, որ քիչ առաջ իրավացի էիք՝ նշելով, թե կա մի բան, որը ձեզանի ՛ց վեր է և պարտավորեցնում է մե՛զ մեր որոշած լիարժեք ճանաչման գործում: Այնուհետև երկրորդ հարցադրումը: Քիչ առաջ Թաներ Աքչամի հնչեցրած խոսքերի հիմքում սակայն պատմության հետ կապն է: Եվ ցանկանում եմ ողջունել և կրկին շնորհակալություն հայտնել ձեզ ականավոր թուրք պատմաբանին մեծարելու շնորհն ու խիզախությունն ունենալու համար, ինչպես նաև Ձեզ՝ պարոն պրոֆեսոր, այս երեկո մեր առջև անհավանական ուժով և քաջությամբ հնչեցնելու խոսքեր, որոնք, կարծում եմ, այս սրահում ներկաներից շատերի սրտից էին բխում:
Սակայն Ձեր պայքարը վեր է Ձեզանից, և դա ասացիք մեծագույն խոնարհությամբ: Ասելով մեզ, թե ինչու՞ մեծարել մի մարդու, ով պարզապես կատարել է ճշմարտությունը որոնելու պատմաբանի իր աշխատանքը: Նա հերոս չէ, այլ պարզապես պատմաբան, ով փորձ է կատարել հաստատել ճշմարտությունը: Ողջունելի է, քանզի մեր արդի աշխարհում ինչ-որ բան այնպես չէ: Ով ասել է պատմության աղավաղում, այն վերանայելու հնարավորություն, վերահաստատել է ժխտողականությունը՝ վերածելով պատմությունը ժամանակակից քաղաքականության գործիքի: Հիրավի, Թուրքիան վերանայումը դրել է իր քաղաքականության հիմքում, սակայն նա միակը չէ: Պատուհաս, որը պետք է նկատեմ, այսօր կերտում է մեր աշխարհաքաղաքականության մի մասը։ Արել եք այն, պարոն պրոֆեսոր, որ համբերատար առերեսվել եք պաշտոնական պատմությանը՝ ժխտողական այդ պատմությանը՝ հերքելով այն հետքերով, ապացույցներով, պատմագրությամբ։ Ըստ էության արել եք այն, ինչն այսօր նշում ենք սրահում ներկա գտնվողների հետ, ողջունելով պատմաբանների և արդարության ջատագովների գործը, ինչպիսիք են Սերժ և Բեատ Կլարսֆելդները, ովքեր ևս տարիների ընթացքում կարողացան վերականգնել պատմության ապացույցները։ Հայոց ցեղասպանության հիման վրա Դուք վերահաստատեցիք ապացույցների զորությունը: Մասնավորապես փաստեցիք այդ հեռագրերի իսկությունը, Ձեր աշխատություններով ի ցույց դրեցիք «Կոտորելու հարահանգները», որոնց մի մասին, հուսով եմ, այստեղ ևս ծանոթացել են: Հրաշալի աշխատություն։ Անգլերեն լեզվով հրատարակված Ձեր ողջ պատմագրության մեջ հզոր է պատմական հետքը և դրա իսկության հաստատումը։ Ուստի, Ձեր աշխատության հիմքում դրել և մեզ բոլորիս ցուցանել եք նախ և առաջ, թե ի՞նչ է ապացույցը, դրա իսկության փաստումը, կազմակերպված հանցագործության հստակ միտումնավորության գիտական հաստատումը՝ այսպիսով հնարավորություն ընձռելով ի կատար ածել պատմության, հիշողության և արդարության գործը։ Ըստ էության, Դուք վեր եք հանել այն, ինչ ուրիշները կամենում էին կրկին ընկղմել ո՛վ ժխտողականության մոռացության, ո՛վ էլ մի տեսակ հարաբերականության մեջ։ Կլիներ պարզապես հիշողության պատմություն ընդդեմ պատմության, որտեղ սակայն հետքերը ստույգ չեն, միտումնավորությունները հաստատված չեն, ապացույցները բացակայում են։ Այս առումով Թաներ Աքչամի կատարած աշխատանքն էական է։ Այն գոհար է, քանզի միաժամանակ կարողացել եք կառուցել ապացույց, որը ժամանակի ընթացքում հնարավորություն կընձեռի պատմաբաններին աշխատություններ կատարելու և շարունակելու պատմագրությունը՝ շիրիմ, որը թույլ կտա վերականգնել ճշմարտությունն ի հիշատակ բոլոր զոհերի։ Այն թուրք առաջնորդների և նրանց ազգի հետ խորը քաղաքական բանավեճի հիմնաքարն է։ Ուստի, շնորհակալությո՛ւն։
Եվ դա ասել եք որպես թուրք։ Այսօր թուրք ազգի համար, որպես ազատ ժողովուրդ որոշելու նրա ունակության համար, սեփական պատմությունն իմանալու նրա կարողության համար կարևոր է ճանաչել պատմության բոլոր դրվագները և առաջ շարժվել։ Կեղծիքի վրա ո՛չ մի հզոր պատմություն չես կառուցի։ Եվ ո՛չ մի հզոր քաղաքականություն չես կառուցի վերանայման և ժխտողականության վրա։ Այսօր ականատես ենք լինում մի ամբողջ ռազմավարության հետևանքներին, որոնք Սևրի պայմանագրից հարյուր տարի անց Միջերկրածովյան արևելյան հատվածում դրսևորվում են նոր ծավալապաշտությամբ՝ ունակություն իրականում ամբողջովին ջնջել ցեղասպանությունն ու դրա բոլոր հետքերը, հերքել ոճրագործությունները և, ըստ էության, փորձ կատարել վերագտնել անցյալի ուժը։ Ամբողջությամբ մտացածին անցյալ, որը սակայն այդպես է։ Ուստի, Ձեր գործն այնպիսին է, որ ցանկանում ենք տանել Ձեր կողքին, հանձնառություն, որը խորապես Ֆրանսիայինն է՝ այն է չխառնել պատմության հետքերն ու քաղաքականությունը և ստանձնել մի տեսակ հիշողության քաղաքականություն, որը կառուցվում է հիմնական ճշմարտության հետ կապի հիմքերի վրա։ Ի դեպ, դա էր մեր հանձնառության իմաստը Ռուանդայում Վենսան Դյուկլերի հետ, ով այստեղ իսկ պարգևի արժանացավ անցյալ տարի: Այն ինչ կցանկանայի մեզ համար կառուցել մեզ մտահոգող բազում հարցերի շուրջ։
Աշխատանք, որն անշուշտ անսպառ է, բայց որը պատմաբաններին պարտադրում է այդ կապը, ժամանակի ընթացքում չլռեցվող ճշմարտություն կառուցելու և գործը նաև հիշողությամբ, կրթությամբ, օրենքով շարունակելու այդ կարողությունը: Պատմաբաններին արժանին մատուցելուց հետո, ցանկանում եմ պնդել հետևյալի վրա՝ ո՛չ մի հաշտություն հնարավոր չէ առանց պատմության ընդհանուր ընկալման վրա հիմնված հիշողության գործընթացի։ Ո՛չ մի փոխզիջում նրանց հետ, ովքեր հակասում են պատմությանը, հերքում և կոծկում են այն և ո՛չ մի փոխզիջում հուշարձաններ պղծելով հիշողությունն անարգողների հետ, ովքեր «նկարում են» վերանայված, մտացածին պատմության քարտեզագրումը։ Ո՛չ էլ նրանց հետ, ովքեր փորձ են անում լռեցնել պատմաբաններին։ Ահա թե ինչու, այս երեկո ցանկանում եմ ողջունել այստեղ ներկա գտնվող «Նուվել դ’Արմենի» ամսագրի ներկայացուցիչներին՝ ցանկանալով վերջիններիս հավաստիացնել իմ լիարժեք աջակցության մեջ։
Կրթության հարց է. մեր ուսումնական ծրագրերում, դասավանդման մեջ, մեր մանկավարժների հանձնառության մեջ հատուկ տեղ է հատկացված։ Շաբաթվա սկզբին ականատես եղանք, ինչպես Շոայի հուշահամալիրում պնդեցի կրթության, դասավանդման կարևորությունը: Այստեղ ևս ցանկանում եմ կրկնել, թե որքան կարևոր է, որ մեր ողջ պատմությունը դասավանդելու համար մեր ուսուցիչները չդադարեն լինել իրենց գործի նվիրյալը, շարունակեն խոսել Հայոց ցեղասպանության մասին և շարունակեն պատմությունը, փաստերը ուսուցանելու և կրթելու այդ կարևոր առաքելությունը։
Ուստի, վստահ եղեք, ցուցակագրում էի ձեր հարցադրումները։ Դուք ինձ իրավացիորեն հարց տվեցիք, թե այս առումով Թուրքիան ի՞նչ դերակատարում կարող է ունենալ կամ փորձում է ունենալ մեր երկրում։ Նախ, ես չեմ ընտրում Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, պարոնայք համանախագահներ։ Չեմ միջամտում դատական գործընթացներին, սակայն հանդիսանում եմ մեր ինքնիշխանության և մեր միասնության երաշխավորը։ Այս կապակցությամբ որևէ կերպ միամտություն կամ թողտվություն չեմ դրսևորում։
Մի քանի օրից առիթը կունենամ արտահայտվելու համայնքապաշտության դեմ պայքարի շուրջ, որն ըստ իս, կարելի է անվանել պետության ներսում անջատողականություն, և այն սնող արտաքին միջամտությունների դեմ։ Կիսում եմ ձեր մտավախությունները, այս առումով ունեմ ճիշտ նույն համոզմունքները։ Ցանկանում եմ հստակ լինել։ Ֆրանսիացիներն անկախ իրենց ծագումից, Ֆրանսիայում այլ երկրների դեսպանները չեն։ Նրանք բոլորը Ֆրանսիայի զավակներն են ու ներկայացուցիչները։ Նրանց Հանրապետության դպրոցն այն վայրը չէ, որտեղ բախվում են ինքնությունները, այլ վայր, որտեղ ձևավորվում է Ֆրանսիայի քաղաքացին։ Այս առումով կլինեմ անբեկանելի, և ձեզ ներկայացնելու, այդ մասին խոսելու, կրթելու, հիշեցնելու համար կունենանք ձեր՝ ասոցիատիվ ցանցի կարիքը, բայց վերջ կդրվի ամեն տեսակ կրթական մեթոդների, որոնք չեն հարգում կանոնները, օրենքները, Հանրապետության դպրոցի կրթական ծրագրերը։
Այս առիթով գիտեմ, որ կրթությանը հաջորդում է արդարադատությունը։ Պատմաբանների աշխատանքին, կրթությանը հաջորդիվ ինձ հարց տվեցիք Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին։ Եկեք ճշգրիտ լինենք, քրեականացումը հնարավոր է, երբ ժխտողականությունը հանդիսանում է ատելության կոչ։ Չէի ցանկանա, որ այստեղ թյուրըմբռնում լիներ, ինչն այդպես է։ Գիտեք, որ ականջալուր եմ առավել լայն և սիստեմատիկ պատժամիջոցներ կիրառելու ձեր ցանկությանը, քանզի դա եք փափագում։
Գիտեք, որ քննարկումներ ենք ունեցել, աշխատանքներ իրականացրել, Սահմանադրական դատարանի դատական նախադեպը բազմիցս հաստատվել է։ Այս առումով ես հանդիսանում եմ Սահմանադրության երաշխավորը, որի նպատակը քրեական քաղաքականության մեքենան լինելը չէ… այժմ գիտեմ նաև, որ ո՛չ էլ աշխատանքը, որը ցանկանում եք ի կատար ածել։ Եվ ես դրա կողմնակիցն եմ։ Կարծում եմ իրազեկ եմ, որ սերտորեն համագործակցում եք կառավարության Գլխավոր քարտուղարության հետ, այն ճիշտ հասցե է նման հարցերում առաջ շարժվելու համար։ Եվ այստեղ շիտակ կլինեմ։ Մենք պաշտպանում ենք միևնույն գործընթացները, միևնույն արժեքները, միևնույն նպատակները։ Հարկավոր է գտնել իրավական ուղի։ Բարյացակամորեն եմ դիտարկում իրականացվող աշխատանքը և ցանկանում եմ, որ կարողանանք առաջ ընթանալ իրավական ուժով, որը թույլ կտա լուծում գտնել։ Սակայն ես իրերն անվանում եմ իրենց անուններով, այնպես, ինչպես դուք նրանց գիտեք և ի՛մ դիքից, մեծ բարեհաճությամբ հետևում սկսած գործին։ Այսժամ, ցանկանում եմ հավաստիացնել ձեզ մեկ այլ հարցում, պարոնայք համանախագահներ։ Ես դժվարին որոշումներ կայացնելուց խուսափողներից չեմ՝ նույնիսկ նախագահական մանդատի ավարտին։ Դեռևս դրան չենք հասել, բայց նույնիսկ այդ պարագայում այդպես չեր լինի։
Ուստի չկարծեք, թե ձեզ մնում է ընդամենը աշխատանքային 3 կամ 6 ամիս։ Ես բավական հստակ պատկերացում ունեմ օրինական ժամկետների մասին, որոնք կհասցվեն մինչև վերջ։ Կա ևս մեկ կետ, որի շուրջ մենք լիովին համակարծիք ենք։ Դուք նշեցիք, որ մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունն անքակտելի են։ Եվ, հիրավի, դա է Արևելքի քրիստոնյաների պաշտպանության համար մեր մղած պայքարի իմաստը, որի կապակցությամբ ինձ հարց ուղղեցիք անցյալ տարի այստեղ, երբ պատվում էինք Նադիա Մուրադի կատարած գործը։ Այս առումով ևս իմ ստանձնած հանձնառություններն ի կատար են ածվել։ Ֆրանսիական հողում ապաստան ենք տրամադրել հարյուր եզդի կանանց և նրանց զավակներին՝ հանձնառություն, որ հենց այստեղ, Նադիա Մուրադի գործին արժանին մատուցելուց հետո էի ստանձնել։ Ցանկանում եմ այս երեկո ողջունել նաև տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք սատարել են մեզ համերաշխության այս գործողության ընթացքում։
Հանձնառություններ էի ստանձնել նաև հօգուտ Արևելքի քրիստոնյաների։ Մեկնարկել էինք աշխատանք, առաքելություն վստահել պարոն Պերսոնային, որը նա ի կատար է ածել։ Մեկ տարուց ի վեր հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել ողջ տարածաշրջանում՝ վերականգնելու հենց Արևելքի քրիստոնյաների ժառանգությունը, և աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում։ Երկու շաբաթ առաջ, ներեցե՛ք, ութ օր առաջ սրահում ներկա մի քանի բարեկամների հետ Երուսաղեմում գտնվելիս կարողացա հայտնել Արևելքի քրիստոնյաների դպրոցներին աջակցելու Ֆրանսիայի հանձնառությունը։ Հարյուր հազարավոր երեխաներ ուսանում են ֆրանսերեն լեզուն, ստանում ֆրանսերենով կամ ֆրանսիական մեթոդներով կրթություն, որի երկու հիմնական կրթոջախները ողջ տարածաշրջանում հանդիսանում են Եգիպտոսն ու Լիբանանը, որոնք միանգամայն եզակիորեն սնում են տարածաշրջանը։ Այստեղ ևս ներդրում կկտարենք, և կոչ եմ անում ներկա գտնվող տեղական ինքնակառավարման մարմիններին սատարել մեզ այս նախաձեռնության մեջ և, այսպիսով, օժանդակել Արևելքի քրիստոնյաների տարբեր ցանցերի բոլոր դպրոցներին։ Կարծում եմ, դա կարևորագույն ժեստ է, և շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար։
Եվ վերջում անդրադառնամ Հայաստանին, այնուհետև Լեռնային Ղարաբաղի բնակչության դրության մասին ձեր հարցադրմանը։ Ես ամենևին էլ զարմացած չեմ, պարոնայք համանախագահներ։ Մեզ միավորող պատմական կապերը, որ մարմնավորել են Ֆրանսիայի հայերը, մեզ պարտավորեցնում են։ Այսօր ևս Հայաստանը գտնվում է բազմաթիվ խոշոր ճգնաժամերի խաչմերուկում, և ցանկանում եմ շատ հստակ նշել, որ Ֆրանսիան կլինի նրա կողքին։ Որ տեղի չենք տալու հուսալքությանն ու անգործությանը։ Անելու ենք այնպես, որ օրենքը գերակայի ի նպաստ բնակչության, և մշտապես փորձելու ենք թուլացնել լարվածությունները՝ կանխելու համար դրանց սրացումը։ Դա է մեր դերը՝ որպես հավասարակշռող գերտերության, նաև, եթե կարող եմ այդպես արտահայտվել, կանխորոշված գործընթացի երաշխավորի։ Խորապես հավատացած եմ՝ դրանում է, ըստ էության, Ֆրանսիայի օգտակարությունը։
Այս պահանջներն են, որ ուղղորդում են, որպես Մինսկի խմբի համանախագահի մեր միջնորդական առաքելությունը։ Այս առումով չենք կարող թույլ տալ, որպեսզի ներկայիս ստատուս քվոն բյուրեղանա, խորանա, քանզի այն ակնհայտորեն որևէ մեկի շահերից չի բխում։ Լայնածավալ բախումների վերսկսման վտանգից զատ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է Եվրոպայում վստահության և անվտանգության կառուցման առաջընթացին, որը մենք փափագում ենք։ Այդ իսկ պատճառով էլ երկուստեք ունեցած շփումների ընթացքում փորձել եմ առաջ մղել գործընթացը։
Առաջիկա ընտրությունները գալիք շաբաթները պակաս արդյունավետ են դարձնում, սակայն կրկին կապի մեջ եմ եղել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ և, կարծես, կարող եմ ասել, որ հնարավոր է գարնանը գործընթացը տեղաշարժ գրանցի. ամեն դեպքում շփումը վերականգնված է։ Ի դեպ, որակյալ շփում երկրների առաջնորդների միջև, և կցանկանայի այստեղ տեսնել ուղին։ Քանի որ շատ հստակ հիշեցրեցիք, որ այն նաև մարդկային ողբերգություն է, քանզի Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների բնակչությանն այսօր պահում է ծայրահեղ աղքատության և մեկուսացման մեջ։ Այդ իսկ պատճառով էլ ստատուս քվոն անհնար է։ Ուստի, քաջատեղյակ եմ, որ մեծ ուշադրություն եք հատկացնում բնակչության դրությանը, և հակամարտությունից ավելի քան երեսուն տարի անց կիսում հույսը և օգտակար լինելու ցանկությունը։ Այժմ կփորձեմ լինել միաժամանակ շիտակ, ազնիվ, ինչպիսին միշտ եմ ձեզ հետ, և կփորձեմ կառուցել պրագմատիկ ուղի։ Ինչ վերաբերում է բարեկամության խարտիաներին, ավելին չեմ ասի, քան օրենքն է։ Կարծում եմ նախորդ տարի այստեղ նույն հարցադրման շուրջ միևնույն դիրքորոշումն եմ ունեցել։ Եթե ասեի հոգ չէ, ցանկացած ինքնակառավարման մարմին իրավասու է բարեկամության խարտիաներ ստորագրել, այդ թվում նաև մեր կողմից չճանաչված միավորի հետ կամ պետությանը խորթ դինամիկայով, ստած և անպատասխանատու հայտարարություն արած կլինեի։ Քանի որ փաստացի թույլատրած կլինեի, որ տեղի ունենան ձեր իսկ կողմից դատապարտելի գործողություններ։ Հետևաբար, Ֆրանսիայում երեսունվեց հազար տարբեր դիվանագիտություններ լինել չեն կարող, դա անհնար է։ Ուստի, այս առումով պետք է լինել հստակ և ասել, թե ինչպես է դիվանագիտությունն իրականացվում։ Ձեզ հետ երեսպաշտություն չեմ անի։ Ուստի, միանգամայն թափանցիկության պարագայում նույնիսկ այն իրավական առումով հնարավոր չէ։ Ո՛չ էլ ի դեմս այս բարեկամության խարտիաների է, որ կայացվում են վարչական կամ քաղաքական հայեցակարգային որոշումներ։
Ինչի՞ մասին է խոսքը։ Խոսքը վարչական դատարանների, վերաքննիչ վարչական դատարանների կայացրած որոշումների՝ այսինքն դատական որոշումների մասին է։ Խոսքը ոչ թե կառավարության, այլ պրեֆեկտների հայցի հիման վրա անկախ դատավորների կայացրած որոշումների մասին է։ Հայցադիմումներ ներկայացնում են պրեֆեկտները, սակայն դատում են դատավորները։
Եթե թույլ կտաք, ավարտին կհասցնեմ իմ փաստարկները, բացատրությունները։ Ինչու՞ են այդ խարտիաները հայտնվում դատարաններում։ Այն պարզ պատճառով, որ Ֆրանսիան ունի ընդամենը մեկ, այլ ո՛չ բազում դիվանագիտություններ։ Այդ խարտիաների առաջ բերած խնդիրը կայանում է նրանում, որ մեկ հարթության վրա են դրվում ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինները և միջազգային ճանաչում չվայելող միավորի տեղական իշխանությունները։ Եվ թույլ տվեք, պարոնայք համանախագահներ, հիշեցնել, որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Սկզբունք, որը վեր է միայն Լեռնային Ղարաբաղից, վերաբերում է այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր չճանաչված միավորներին, և հասկանում եք, որ Ֆրանսիայի Հանրապետությունն այս առումով կարող է ունենալ միայն կայուն դիրքորոշում, և ձեզ հաճոյանալու նպատակով, եթե հակառակը պնդեի, կլինեի միանգամայն անպատասխանատու։
Սակայն օրենքի կիրարկումը չի բացառում երկխոսությունը, քանզի հասկանում եմ մտադրություններն ու նպատակները։ Հետևաբար, կարծում եմ, որ հարկավոր է առաջ շարժվել պրագմատիկ և արդյունավետ եղանակով, փորձել դուրս գալ այս խուլ երկխոսությունից։ Այդ իսկ պատճառով էլ, ցանկանում եմ, որ հաստատվի նեղ երկխոսություն, որը Եվրոպայի և Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունները կվարեն շահագրգիռ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի սույն թեման դադարի մեզ իրար հակադրել, և կարողանանք սահմանել օգտակար միջոցներ։ Կարծում եմ կան առավել արդյունավետ եղանակներ, քան սիստեմատիկ կերպով բարեկամության խարտիաներ կնքելը, առավել օգտակար եղանակներ, քան պարբերաբար դրանք դատարան բերելը։ Ուստի, առաջարկում եմ աշխատանքային խմբի հիման վրա դիտարկել այդ բնակչությանն աջակցել ցանկացող տեղական ինքնակառավարման մարմինները, որպեսզի կարողանանք կայացնել ճիշտ, իրավաբանորեն համատեղելի որոշումներ, և կարծում եմ դա հնարավոր է։ Քանզի գաղափարը ո՛չ թե իրավական ճանաչում ապահովելը կամ խորհրդանշական վկայություն տալն է, այլ, ըստ էության, ամենից կտրված բնակչությանը համերաշխություն ցուցաբերելը։
Ցանկանում եմ այստեղ հաստակ լինել։ Ոչինչ չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ մարդասիրական, մշակութային կապերի պահպանմանը, եթե ցանկանում ենք միջոցներ տրամադրել՝ հարգելով մեր Օրենքը։ Ուստի, եթե բարեկամության խարտիաներ ստորագրող ինքնակառավարման մարմինների ցանկությունն է օժանդակել այդ բնակչությանը, տրամադրել կոնկրետ աջակցություն, մշակութային համագործակցության միջոցներ, մարդասիրական օգնություն, կփորձենք գտնել իրականանալի իրավական շրջանակ։ Առանց սկզբունքային միջնորդագրերի՝ մի կողմից և սիստեմատիկ գործողության՝ մյուս կողմից։ Գիտեմ, որ մի շարք շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների կամքն է, ուստի պետք է ուղի կերտել։ Ամենայն ազնվությամբ եմ ասում, սա է միակ ճանապարհը, որ կարող է գոյություն ունենալ։
Հակառակ դեպքում չէինք առաջանա կոնկրետ և արդյունավետ եղանակով։ Հարկավոր է կենտրոնանալ այդ նախագծերի զարգացման վրա, լինի դա հենց Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի միջոցով, ինչպիսիք են Եվրամիության կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իրականացրած գործողությունները, թե ձեր՝ քաղաքացիական հասարակության, ֆրանսահայերի, ընկերակցությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսական դերակատարների կողմից իրականացվող հնարավոր ծրագրերի միջոցով։ Կան իրականացված բազմաթիվ կոնկրետ ծրագրեր՝ օրինակ 2010թ.-ին կառուցված ֆրանս-հայկական Սրտաբանական կենտրոնը և այլոք, որոնք լավագույնս ի ցույց են դնում, որ կարելի է լինել օգտակար, տալ կոնկրետ պատասխան՝ մնալով օրենքի սահմաններում։
Եզրափակելով խոսքս նշեմ, որ, ի դեպ, հենց այդ ոգով էլ միշտ առաջնորդվել ենք: Անմիջական համագործակցության ոգի՝ սկիզբ առած երկրաշարժից հետո, որի 31-րդ տարելիցը նշեցինք դեկտեմբերին, որով պետք է կյանքի կոչենք մեր հարաբերությունները: Պետություն, քաղաքացիներ, ընկերակցություններ, տարածքային ինքնակառավարման մարմիններ, ձեռնարկություններ: Այդ ընդհանուր պատասխանատվությունն է, որ պետք է մեզ թույլ տա առաջ ընթանալ «Նոր Հայաստանի» հետ, որը փայլուն կերպով դիմագրավում է ժողովրդավարական և տնտեսական վերելքի այդ դժվարին փորձությանը, և որին այստեղ ցանկանում եմ արժանին մատուցել: Երիտասարդ պետություն… /ծափողջույններ/ Կարող եք ծափահարել երկրի ղեկավարներին: Երիտասարդ պետություն հին ազգի՝ պատմությամբ թրծված, որին ողբերգություններն առավել գիտակից են դարձնում ներկան ապրելու, նրա ընձեռած հնարավորություններից օգտվելու և արդիականությունը վայելելու կարևորությունը: Ցանկանում եմ նաև ողջ հարգանքս հավաստել Հայաստանին, որն, ի դեպ, թավշյա հեղափոխությամբ հրաշալիորեն ցուցանեց աշխարհին խաղաղ, առանց արտաքին ազդեցության, հեղափոխություն իրականացնելու իր կարողությունը՝ հարգելով օրենքը և գերատեսչությունները: Սա գրեթե աննախադեպ օրինակ է մեր արդի պատմության մեջ:
Ինձ ուղեկցում էիք 2018թ. հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: Մեծն Շառլին հարգանքի տուրք մատուցեցինք: Ցանկանում եմ ողջունել Ձեզ՝ Նիկոլա, Ձեր տիկնոջը և ողջ ընտանիքին հիացմունքի արժանի գործունեության համար, որը կշարունակենք սատարել և գիտեք, թե որքա˜ն: Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն տպավորվեցինք, այլ նաև մեկնարկը տվեցինք մի շարք նախագծերի: Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահը՝ թանկագին Վալերին հիշատակեց իր շրջանի հանձնառությունները, որին հետևեցին բազմաթիվ այլ ՏԻՄ-եր՝ առաջ մղելու այդ ընդհանուր նախագծերը, որի վկայությունն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Գործ ունենք գլոբալիզացված տնտեսության մեջ ներգրավմանը ծառայեցվող ֆրանկոֆոնիայի, ակտիվ ֆրանկոֆոնիայի, տնտեսական, իրավական, ակադեմիական, մշակութային համագործակցության քաղաքականության հետ, որն իրականացվում է և որին խորապես նոր զարկ է տրվում:
Ձեզանից շատերն այստեղ հանդիսանում են բազմաթիվ ծրագրերի կրողը: Չցանկանալով այդ մասին ծավալվել՝ նկատեմ, որ Փարիզի քաղաքապետն իրավամբ հիշատակեց ԹՈՒՄՈ-յի նախաձեռնությունը, որը մեզ համար թանկ է: Հիշատակվեցին նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Ֆրանսիական ինստիտուտը, Շառլ Ազնավուր հիմնադրամը, և տնտեսական, մշակութային դերակատարների հետ միասին, որը դո՛ւք եք և առօրյայում կյանքի եք կոչում այդ հարաբերությունները, կշարունակենք պայքարն ի նպաստ այդ խոշոր նախագծերից յուրաքանչյուրի:
Ցանկանում եմ ընգծել, որ մեր կամքն է շարունակել Սփյուռքի հետ մեկտեղ մեր ավանդը ներդնել այս նոր Հայաստանում՝ հօգուտ Ֆրանսիայի, ծագումով հայ ֆրանսիացիների, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների, քանզի գիտակցում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնց դիմագրավում է այդչափ խիզախ նոր Հայաստանը: Լոկ հայացք նետելով քարտեզին՝ կտեսնենք սպառնացող մեծ վտանգներն ու նրա շեմին խռովված աշխարհը: Նման ժողովրդավարական կենսունակության, արդեն իսկ այդչափ ողբերգական պատմության պարագայում, Ֆրանսիայի պարտքն է լինել Հայաստանի կողքին:
Թանկագի՛ն բարեկամներ, ահա այս մի քանի բառով ցանկանում էի պատասխանել մեր երկու համանախագահներին և արձագանքել քիչ առաջ հնչած Ձեր հրաշալի ելույթին, սիրելի՛ Թաներ՝ ընգծելով, սակայն, թե ամեն անգամ ձեզ հետ գտնվելիս ինչ առանձնահատուկ ջերմություն եմ զգում մշտապես վերքերից և հավատարմությամբ հյուսված այդ պատմության հանդեպ: Վերքերից, քանզի նույնիսկ այնժամ, երբ կարծես թե ընտանեկան ընթրիքի մթնոլորտում ամեն ինչ հարթ էր ընթանում, մշտապես առկա է պատմության կրկնվելու վտանգը: Քիչ առաջ պրոֆեսոր Աքչամի հնչեցրած ելույթը սույնի վկայությունն էր: Վերքը դեռ մորմոքում է՝ վկայելով պատմության թողած հետքի և ողբերգական ճակատագրի մասին: Ցավն այդ խորը ինքնության և նաև այդ ուժի անքակտելի մասն է: Մի կողմից վտանգի այդ ցավն է, որն ի դեպ, եթե թույլ կտաք, այս առումով միահյուսում է ձեր և Ֆրանսիայի հրեական համայնքի ներկայացուցիչների ճակատագրերը: Հարաբերումը ողբերգականին ռիսկի մասնաբաժինն է և ամենժամ պատմության ողբերգությունն ընկալելու ունակությունը և երբևէ զգոնությունն ու աչալրջությունը չկորցնելը: Հավատարմությունը, որ քիչ առաջ վկայեցինք նախագահ Շիրակին, բոլոր մեծն մարտիկներին, ընտանիքներին, ձեր ծնողներին և ավագներին, ովքեր ցեղասպանության զոհ դարձան, զոհվեցին Դիմադրության շարժման ընթացքում, ընկան հանուն պատմության, որը ձերը դարձավ արյան և սիրո գնով: Ցավը և հավատարմությունը ձեզ դարձնում են ոչ թե պարզապես ֆրանսահայեր, այլ ամենից առաջ իրապես պահանջատեր ֆրանսիացիներ: Եվ դա ինձ խորապես համոզում է, որ այդ երկու ինքնությունները համատեղվում են և մեկը մյուսից չի ստորադասվում, քանզի այդ արժեքները փոխկապակցված են պատմությամբ, ինչպես նաև ապագային առճակատվելու ունակությամբ: Ժամանակները, որ ապրում ենք, ի ցույց կդնեն, որ կարիքն ունենք այդ ցավի զգացողության, ապագայի կորովի և հավատարմության:
Շնորհակալությո՛ւն:
Կեցցե՛ Հանրապետությունը, կեցցե՛ Ֆրանսիան:

տպագրված ... 17/04/2020

Էջի սկիզբ