Ֆրանսիայի Հանրապետության Մարդու իրավունքների մրցանակ 2016 Հայտամրցույթ

Մարդու իրավունքների խորհրդատվական ազգային հանձնաժողով
Ֆրանսիայի Հանրապետություն
Գլխավոր քարտուղար
N° 55 – MF/CR
Փարիզ, 1 հունիսի 2016թ.

Ֆրանսիայի Հանրապետության Մարդու իրավունքների մրցանակ 2016
Հայտամրցույթ
Տիկին, պարոն,
Ֆրանսիայի Հանրապետության Մարդու իրավունքների «Ազատություն-Հավասարություն-Եղբայրություն» 2016թվականի մրցանակը, որը հանձնվում Ֆրանսիայի կառավարության վարչապետի կողմից, բաց է թեկնածությունների առաջադրման համար:

Այս մրցանակը ստեղծվել է 1988թ. և շնորհվում է անհատներին կամ կազմակերպություններին, Ֆրանսիայում կամ արտերկրում Մարդու իրավունքների պաշտպանության գործում նրանց ներդրման համար՝ անկախ ազգությունից կամ սահմաններից և պետք է վերաբերի երկու թեմաներից մեկին, ըստ ընտրության:

1 - Ոչ կառավարական կազմակերությունները կամ անհատ թեկնածուները, անկախ ազգությունից կամ սահմաններից, պետք է ներկայացնեն Ֆրանսիայում կամ արտերկրում իրականացվելիք որևէ գործնական նախաձեռնություն կամ ծրագիր, որը կվերաբերի 2016թվականի համար առաջադրված երկու թեմաներից մեկին, ըստ ընտրության.

Թեմա 1. Միգրանտների իրավունքների պաշտպանություն և աջակցություն
Միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3,2 տոկոսը, այս թիվը ներառում է ինչպես այն փախստականներին, ովքեր փախչում են հետապնդումներից կամ հետապնդման վտանգից, այնպես էլ բնապահպանական խնդիրների հետևանքով տեղահանվածներին և աշխատանք որոնելու նպատակով երկիրը լքած մարդկանց: Տոկոսային այս հարաբերակցությունն իհարկե ընդհանուր առմամբ կայուն է վերջին տարիների ընթացքում, բայց շարժունակության գործոնները, հարկադրված կամ ընտրությամբ, ավելի բարդ են և հանգրվան երկրներն առավել բազմազան: Այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր տարածաշրջանները և բնակչության բոլոր կատեգորիաները ներգրավված են այս գործընթացում:

Չնայած միգրացիոն տեղաշարժերի այս բազմազանությանը և այն հանգամանքին, որ մարդկային շաժունակությունը գլոբալիզացված մեր աշխարհում անխուսափելի փաստ է, այնուամենայնիվ Հյուսիսի երկրները համակված են Հարավից եկող աղքատ միգրանտների «ներխուժման» վախով: Դրա հետևանքով, միգրանտներին ներհատուկ խոցելիությունը խորանում է միգրացիայի վերահսկողության նպատակով անընդհատ աճող անվտանգության միջոցառումների ամրապնդման հետ: Եվրոպան գնալով էլ ավելի է ամրապնդում իր արտաքին սահմանների անանցանելիությունը, ստիպելով տարագիրներին գնալով ավելի ու ավելի վտանգավոր ճանապարհներ ընտրել, որոնք շատ հաճախ նրանց դեպի մահ են տանում կամ էլ ճամբարներ, որտեղ նրանց սպասվում են կյանքի համար անմարդկային պայմաններ:

Այսուհանդերձ, Հարավի երկրների միջև միգրացիայի ծավալն այսօրվա դրությամբ հավասար է, նույնիսկ փոքր-ինչ գերազանցում է Հյուսիսից դեպի Հարավ միգրացիոն հոսքի ծավալներին: Հյուսիսի բազմաթիվ երկրներ, մասնավորապես զարգացող տնտեսություն ունեցող երկրները այլևս ոչ թե ծագման երկիր են, այլ տարանցիկ կամ հանգրվան երկիր: Միջտարածաշրջանային այս նոր սխեման դժվարությունների պատճառ է հանդիսանում: Ընդունող կամ տարանցիկ երկրները հաճախ անկարող են առաջարկել համապատասխան ծառայություններ, մասնավորապես առողջապահության և կրթության բնագավառներում և դրանով պաշտպանել միգրանտների իրավունքները:

Թեկնածության առարկա կարող են հանդիսանալ աջակցության կամ օժանդակության այն ծրագրերը, որոնք ուղղված են նրանց անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովմանը: Ծրագրերը կարող են լինել նորարարական և կոնկրետ գործողություններ, որոնք փնտրում են ուղիներ միգրանտների խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար: Ծրագրերը կարող են նաև վերաբերել միգրանտների իրավունքների խախտման դեպքերի փաստաթղթավորմանը արտագաղթի ողջ ճանապարհի ընթացքում և տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց օրենսդրությունը և քաղաքականությունը բարեփոխելու անհրաժեշտության վրա:

Թեմա 2. Հաշմանդամ անձանց իրավունքների ներկայացումը և պաշտպանությունը ՄԱԿ-ի հաշմանդամ անձանց իրավունքներին առնչվող կոնվենցիայի լույսի ներքո

Հաշմանդամությամբ ապրող մարդիկ շատ հաճախ ամենամարգինալիզացվածների թվին են պատկանում և, իրենց հիմնարար ազատությունից օգտվելու համար հանդիպում են յուրատեսակ և աննախադեպ դժվարությունների: Երկար ժամանակ համարվում էր, որ այդ դժվարությունները բնականաբար և անվիճելիորեն բխում են նրանց ֆիզիկական, մտավոր և զգայողական սահմանափակությունից: 2006թվականին ուժի մեջ մտած Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան արմատական փոփոխություն մտցրեց հաշմանդամության վերաբերյալ գոյություն ունեցող մոտեցումների մեջ, առաջարկելով բժշկական մոտեցումից անցնել սոցիալականի: Կոնվենցիայում շեշտն այլևս չի դրվում այն բանի վրա, ինչը մարդու մոտ ընկալվում է որպես արատ և համարվում է անկարողություն կամ հիվանդություն: Ճիշտ հակառակը՝ Կոնվնցիան հաշմանդամությունը դիտարկում է «հասարակության պաթոլոգիայի» տեսանկյունից, այլ կերպ ասած մարդու տարբերությունը ընդունելու և նրան լիարժեք կերպով ներառելու՝ հասարակության անկարողության արդյունք: Պետք է զարգացնել ոչ թե անձին, այլ հասարակությանը և Կոնվենցիան այս փոփոխությունների համար առաջարկում է գործողությունների ծրագիր:

Հայտ կարելի է ներկայացնել այն ծրագրերի համար, որոնք արդյունավետ կերպով աջակցում կամ սատարում են հաշմանդամ անձանց իրավունքները, ծրագրեր, որոնք նպատակ ունեն ապահովել այդ իրավունքների պաշտպանությունը և ծրագրեր, որոնք թույլ կտան հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք կերպով մասնակցել հասարակական կյանքին: Մրցանակ կարող է շնորհվել նաև այն ծրագրերին, որոնք իրականացնում են նորարարական և կոնկրետ գործողություններ փորձելով կոնկրետ լուծումներ տալ հաշմանդամ անձանց խնդիրներին: Ծրագրերը կարող են վերաբերել նաև Կոնվենցիայի շուրջ սեմինարների կազմակերպմանը, որի նպատակն է իշխանությունների ուշադրությունը հրավիրել իրենց օրենսդրությունը և քաղաքականությունը բարեփոխելու անհրաժեշտության վրա՝ ներառելով Կոնվենցիայի դրույթները:

2 – Հինգ դափնեկիրները կհրավիրվեն Փարիզ, մեդալների հանձնման պաշտոնական արարողությանը: Մրցանակային ֆոնդը, որ կազմում է 70 000 եվրո, կբաժանվի նրանց միջև և կհանձնվի վարչապետի կողմից:
Հաջորդ հինգ հաղթողներին պատվո մեդալներ կհանձնի իրենց երկրում հավատարմագրված Ֆրանսիայի դեսպանը:

3 - Թեկնածությունները պետք է համապատասխանեն մրցանակաբաշխության կանոնակարգին:
Մրցանակաբաշխության կանոնակարգը կտրամադրվի ըստ պահանջի: Կանոնակարգի հետ կարող եք նաև ծանոթանալ Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովի (CNCDH) կայքում՝ http://www.cncdh.fr/fr/prix/prix-des-droits-de-lhomme :

4 – Թեկանծուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը ֆրանսերեն տարբերակով.
ա) Մրցանակաբաշխությանը մասնակցելու դիմում, որը պետք է ստորագրված լինի և ներկայացվի հասարակական կազմակերպության նախագահի կամ օրինական ներկայացուցչի, կամ անհատ թեկնածուի կողմից,
բ) Դիմումի ձևը, որը կցվում է սույն հայտարարությանը և կարելի ներբեռնել CNCDH-ի կայքից՝ http://www.cncdh.fr/fr/prix/prix-des-droits-de-lhomme :
Դիմումի ձևը մանրամասն ներառում է ներկայացվող ծրագրի նպատակը և դրա իրականացման նկարագրությունը: Այն պետք է ներկայացնի հստակ բյուջե (նախընտրելի է, որ գումարի համարժեքն արտահայտված լինի եվրոյով ):
գ) Հասարակական կազմակերպության ներկայացումը (կանոնադրություն, իրականացրած աշխատանքներ և այլն ):
դ) ՀԿ-ի կամ անհատ թեկնածուի փոստային և բանկային տվյալները: Թեկնածուները պետք է իրենց թեկնածության ամբողջական փաթեթն ուղարկեն ամենաուշը մինչև 2016թվականի սեպտեմբերի 30-ը Հանձնաժողովի գլխավոր քարտուղարություն .

 35, rue Saint-Dominique - 75007 Paris – France
 Կամ էլեկտրոնային փոստով՝ cncdh@cncdh.pm.gouv.fr
Ժյուրիի կողմից արդյունքների հրապարակումից հետո, Մրցանակ 2016-ը հանդիսավոր պայմաններում կհանձնի վարչապետը 2016թվականի դեկտեմբերի 10-ի մոտակայքում :

Խնդրում եմ ապահովել սույն հայտարարության հնարավորինս լայն տարածումը :
Ընդունեք խնդրեմ հարգանքներիս հավաստիքը :

Միշել ՖՈՐՍՏ

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ