Ֆրանսիայի Դեսպանը մասնակցել է Դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի պատկերով նամականիշի Առաջին օրվա մարման արարողությանը [fr]

«Հայփոստի» նորակառույց Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում տեղի ունեցավ նամականիշի մարման հանդիսավոր արարողություն ի պատիվ Ֆրանսիական Դիմադրության շարժման առաջամարտիկ Միսաք Մանուշյանի: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ Տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը :
Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառ»-ի և Անմար կրակի, ինչպես նաև մահապատժից մի քանի ժամ առաջ գրված և կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին:

Իր խոսքում, Ֆրանսիայի դեսպանն ընդգծեց Միսաք Մանուշյանի բացառիկ կերպարի կարևորությունը : Մանուշյանը ամուր կապված էր իր հայրենի հողին՝ Հայաստանին, որը սակայն ստիպված էր լքել Ցեղասպանության տարիներին, ինչպես նաև ազատության, հավասարության, եղբայրության համամարդկային արժեքներին հավատարիմ Ֆրանսիային, որը դարձավ նրան հյուրընկալող երկիրը և որին Մանուշյանը նվիրաբերեց իր կյանքը :
Նամականիշի մարման արարողությունից հետո, Միսաք Մանուշյանի անվան ֆրանսերենի խորացված ուսուցմամբ թիվ 48 դպրոցի սաները ընթերցեցին Մելինեին ուղղված նամակը:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ