Ֆրանկոֆոնիայի 15 օրերը [fr]

2017թ. մարտի 15-ից 30-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը տոնական միջովառումների շարքը, որոնք կանցկացվեն ողջ երկրում՝ ՀՀ Արտգործնախարարության հովանու ներքո, իսկ ընդհանուր առմամբ այս տոնը նշվում է ողջ աշխարհում, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ին, քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծման օրը 1970թ. մարտի 20-նն է:

Ֆրանսիայի դեսպանության հետ միասին, գործընկեր հինգ դիվանագիտական կազմակերպություն (Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա և Լիբանան) միացել է այս նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը: 2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին, տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր, արտացոլելով այս միջազգային հաստատության մշակույթների բազմազանությունը, որն իր շուրջն է համախմբել 84 երկիր:

ՖՄԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը 2018 թվականին Հայաստանում կազմակերպելու հեռանկարով, այս գործընկերությունն արտացոլում է նրանց միասնական կամքը՝ Հայաստանում ամրապնդելու ֆրանսերեն լեզվի տեղը, լեզու, որով խոսում է 274 մլն. մարդ ողջ աշխարհում, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է, իսկ անգլերենի հետ միասին միակն է, որը խոսվում է բոլոր 5 մայրցամաքներում:

Մշակութային ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ (կինո, հրատարակչություն, էկոնոմիկա, գաստրոնոմիա, երաժշտություն, թատրոն…): Այս տարվա առանցքային թեմա է ընտրվել նորագույն և թվային տեխնոլոգիաները՝ թեմային նվիրված հինգ միջոցառումներով. էլ-համբավին նվիրված համաժողով, թվային գրքին նվիրված կլոր սեղան, համացանցի բառապաշարին նվիրված ֆրանսերեն լեզվի մրցույթ, թվային նորարարությանը նվիրված տնտեսական հանդիպում և վերջապես՝ սմարթֆոնների համերգ:

2017թ. Ֆրանկոֆոնիայի 15 օրերի ևս մեկ առանձնահատկությունն է Ռուսաստանում Կանադայի Դեսպանութայն հետ համատեղ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը (20-26 մարտ 2017թ. ), որի ընթացքում կցուցադրվեն բազմաժանր ժամանակակից ֆիլմեր (2012թ. - 2016թ. արտադրության կատակերգություններ, դրամաներ, վավերագրական ֆիլմեր) : Այսպիսով Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի 8 ֆիլմ (11 ցուցադրություն) : Փառատոնի բացմանը կներկայացվի «Ինչ ենք արել Տեր Աստծուն» կատակերգությունը, իսկ փակմանը՝ «Իվ Սեն-Լորան» վավերագրական ֆիլմը, որը պատմում է 2008թ.-ին վախճանված ֆրանսիացի հանրահայտ կուտյուրիեի կյանքի մասին:

JPEG

տպագրված ... 14/03/2017

Էջի սկիզբ