Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի մեկնարկը (2019թ. մարտի 11-ից ապրիլի 12-ը) [fr]
2018թվականի հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի հաջողությունից հետո, ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում Հայաստանում:
Ֆրանկոֆոն մշակույթները կրկին ուշադրության կենտրոնում կլինեն այս տարվա մարտ և ապրիլ ամիսներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի մոտակա օրերին ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումների շրջանակում :
Այս ժամանակահատվածում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը նույնպես կմասնակցի Ֆրանկոֆոնիայի օրերին՝ առաջարկելով լեզվամշակութային միջոցառումներ ս.թ. մարտի 11-ից ապրիլի 12-ը :
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումները կօգնեն Հայաստանում ամրապնդել ֆրանսերեն լեզվի տեղը՝ լեզու, որով խոսում է 300 մլն. մարդ ողջ աշխարհում, որը գործարարության 3-րդ, ինտերնետի 4-րդ և մոլորակի վրա խոսվող 5-րդ լեզուն է, իսկ անգլերենի հետ միասին միակն է, որը խոսվում է բոլոր 5 մայրցամաքներում : Այս տարի Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում կներկայացվի ֆրանսերեն լեզուն, ֆրանսիական կինոն, թատրոնը, գիտությունը և իհարկե գաստրոնոմիան:
• Ծրագրի բացումը տեղի կունենա մարտի 11-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում՝ Շվեյցարիայի, Բելգիայի և Կանադայի դեսպանությունների համագործակցությամբ կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով: Փառատոնը կներկայացնի ժամանակակից (2013-ից 2019թ.թ ֆիլմեր) և բազմաժանր ծրագիր՝ կատակերգություն, դրամա, վավերագրական ֆիլմ, անիմացիա : Ընդհանուր առմամբ կցուցադրվի 11 ֆիլմ ֆրանսերեն լեզվով (ռուսերեն կամ հայերեն ենթագրերով) : Բացմանը հանդիսատեսը կարող է դիտել ֆրանսիական հեղափոխության մասին պատմական դրաման՝ Պիեռ Շոլլերի «Ժողովուրդը և իր արքան» ֆիլմը (2018թ.), իսկ փակմանը՝ Ժիլ Լըլուշի «Մեծ բաղնիք» ֆիլմը (2018թ.)՝ ֆրանսիական կատակերգություն, որը մեծ հաջողություն ունեցավ Ֆրանսիայում և նվաճեց 2019թ. Սեզար մրցանակը :
• Ուրբաթ, մարտի 15-ին Շառլ Ազնավուր կենտրոնում, Երևանի տարբեր համալսարանների ուսանողները կարող են հանդիպել « Arménie(s), Արտիստների ժամանակը » վավերագրական ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր Մեսրոպյանի հետ: Ֆիլմը նկարահանվել է Rappi Productions (Ֆրանսիա) և Ֆրամարտ (Հայաստան) ընկերությունների կողմից, ռեժիսորը Դավիդ Վիտալ Դյուրանն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա կիրակի, մարտի 17-ին Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի ընթացքում :
• Չորեքշաբթի, մարտի 20-ին, Երևանի թիվ 119 ավագ դպրոցում տեղի կունենա Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի կողմից 2018թ. շրջանավարտներին Ֆրանկոֆոն երկլեզվյա բաժնի ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը :
• Մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում արժանին կմատուցվի ֆրանսիական գաստրոնոմիային՝ « Goût de France » միջոցառման, ինչպես նաև բազմաթիվ տեղական ռեստորանների և ռեստորանային գործի ոլորտի մասնագիտական դպրոցների մասնակցության շնորհիվ :
• Ֆրանսերեն լեզվի գրավոր մրցույթը՝ « Dis-moi dix mots » (Ասա՛ տաս բառ) տեղի կունենա 2019թ. մարտի 23-ին Երևանի Ալիանս Ֆրանսեզում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպանությունների, Ալիանս Ֆրանսեզի, Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան հիմնադրամի, SPFA ասոցիացիայի և Երևանի Ֆրանկոֆոն թվային կամպուսի միջև համագործակցությամբ : 13-ից 25 տարեկան պատանիներն ու երիտասարդները (աշակերտներ, ուսանողներ և ակտիվ երիտասարդներ) կստանան տարբեր մրցանակներ, այդ թվում ֆրանսերենի մասնագիտացմամբ ուսանողների կատեգորիայում՝ լեզվի ստաժ Ֆրանսիայում :
• Բացի այդ, մարտի 28-ից 30-ը Գորիսը կհյուրընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը : Ֆրանսիայի դեսպանության, Մշակույթի նախարարության և Գորիսի քաղաքապետարանի աջակցությամբ, «10-ից 10-րդ փառատոն»-ի գործընկեր «Avant-scène» ասոցիացիայի կողմից կազմակերպված այս միջոցառումը կհամախմբի ավելի քան 80 երիտասարդների և կառաջարկի հանդիպումներ ֆրանկոֆոն հեղինակների հետ, սեմինարներ և թատերական ներկայացումներ :
• Վերջապես, Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով համաժողովով, որը կկայանա ս.թ. ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի միջև համագործակցությամբ : Կքննարկվեն այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ հասարակությունների ազդեցությունը արհեստական բանականության վրա, մետատվյալների նշանակությունը կայուն զարգացման համար և կիբեռանվտանգության մարտահրավերները:
1 Տե՛ս Ֆրանսերեն լեզուն աշխարհում 2018թ. զեկույցի ամփոփագիրը ֆրանսերեն՝ http://observatoire.francophonie.or... ; ռուսերեն՝ http://observatoire.francophonie.or... ; անգլերեն՝ observatoire.francophonie.org/wp-co...