Քննարկվեցին մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական գործակցության հեռանկարները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 11-ին ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության ենթակայության տակ գտնվող ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ուղիները, ուրվագծվեցին հետագա գործակցության ծրագրեր:

Դեսպանը, ընդգծելով Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ներկայացվածությունը տրանսպորտային ու ճանապարհաշինական ոլորտներում, հայտնեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է առաջիկայում ևս մասնակցել տրանսպորտային ոլորտի զարգացման գործընթացներին։

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց, որ շուտով բացվելու է «Զարգացման ֆրանսիական գործակալության» տարածաշրջանային գրասենյակը, որը հիանալի հնարավորություն է երկկողմ շփումներն ավելի սերտացնելու համար:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համագործակցության մեծ հեռանկար է տեսնում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից այս ոլորտի ընկերություններին տրվող ու սպասվելիք արտոնությունները` նախարարը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի տեխնոլոգիական գործարարությամբ զբաղվողների համար Հայաստանը ներդրումների գրավիչ երկիր կարող է դառնալ:

Դեսպանը, ծանոթ լինելով մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը, շեշտեց, որ այս բնագավառում երկու երկրների ներուժը շատ մեծ է:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ