Քաղաքացիական հասարակությունը համախմբվում է Փարիզի գագաթնաժողովին ընդառաջ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը « Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 21-րդ նստաշրջանի /COP 21/ մարտահրավերները և Հայաստանի ազգային մակարդակով ներդրումը թեմայով սեմինար : Միջոցառմանը միացել են նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ-ն և հայկական Կարմի խաչի ընկերությունը:

Սեմինարը, որ համախմբել էր Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան 100 անդամների՝ հիմնականում բնապահպանական և կրթական ասոցիացիաներ, դասախոսներ և գիտնականներ, ինչպես նաև բազմաթիվ պատգամավորներ, միջազգային կազմակերպություններ և ձեռնարկություններ, բացեց ՀՀ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, որը ներկայացրեց Հայաստանի ազգային մակարդակով մասնակցության ռազմավարական ընտրությունը: Այնուհետև, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և ՄԱԿ-ի էներգետիկ ծրագրի ղեկավար Դիանա Հարությունյանը ներկայացրին Հայաստանի ազգային մակարդակով ներդրման հիմնական ծրագիրը, շեշտը դնելով քանակական պարտավորությունների և 2014-2015թ.թ. զարգացման ազգային ռազմավարության վրա:

Ֆրանսիական կողմից, Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը ներկայացրեց COP 21-ի ֆրանսիական նախագահության և Փարիզի գագաթնաժողովի նպատակները: SAUR ֆրանսիական խմբի հայկական մասնաճյուղի՝ Armwater ձեռնարկության տնօրեն Առնո Բիոլեն ներկայացրեց ձեռնարկության քայլերն ուղղված Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանը, մասնավորապես ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը: Հայաստանի շուրջ 400 համայնքներում SAUR-ն ապահովում է խմելու ջրի մատակարարում :

Հայկական Կարմիր խաչի ազգային համակարգող Սուրեն Մովսիսյանը ներկայացրեց բնապահպանական թեմաներով երիտասարդների իրազեկման գործողությունները: Այնուհետև խոսվեց կոնկրետ թեմաների մասին, ինչպես էներգետիկ արդյունավետություն, թափոնների կառավարում, այլընտրանքային էներգիայի արտադրություն, գյուղական տարածքների կայուն բարեկարգում, բնապահպանական կրթություն և բիոբազմազանության պահպանում: Լսարանի հետ մտքերի փոխանակումը ցույց տվեց, որ գլոբալ տաքացման դեմ պայքարը ոչ միայն ինստիտուցիոնալ խնդիր է, այլ նաև տեղական դերակատարների և քաղաքացիական հասարակության խնդիրն է և ենթադրում է, որ պետք է տեղական մակարդակով գտնել և իրականացնել նորարար լուծումներ:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ