Փարիզի քաղաքապետ, տիկին Անն Իդալգոյի այցը Երևան, 2016թ. հոկտեմբերի 7-ից 9-ը [fr]
Փարիզի քաղաքապետը պաշտոնական այցով ժամանել էր Երևան, որի ընթացքում նա մասնակցել է քաղաքի 2798-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Նրան ուղեկցում էին Փարիզի քաղաքապետարանի և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ :
Տիկին քաղաքապետը Երևան էր ժամանել հոկտեմբերի 7-ի երեկոյան և այցն սկսել հոկտեմբերի 8-ի առավոտյան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցեղասպանության թանգարան այցից հետո, Փարիզի քաղաքապետը Հիշատակի ծառուղում ծառ տնկեց ի հիշատակ ցեղասպանության զոհերի :
Այնուհետև նա հանդիպում ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և նրա հետ քննարկեց երկու մայրաքաղաքների միջև համագործակցության հեռանկարները: Տարոն Մարգարյանը նրան պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փարիզի քաղաքապետին ընդունեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև տիկին Իդալգոն այցելեց ՀՀ Արտգործնախարարություն, որտեղ ՀՀ արտգործնախարար և Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը, իր երախտագիտությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նրա ունեցած ավանդի համար :
Քաղաքապետն այցելեց նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, այնուհետև շրջեց քաղաքով՝ վայելելով տոնական տրամադրությունը: Նա հանդիպեց ֆրանկոֆոնիայի մրցույթի դափնեկիրների խմբին, ովքեր ի հիշատակ Միսաք Մանուշյանի, նրա անունը կրող պուրակում կազմակերպել էին հուզիչ ֆլեշմոբ, այնուհետև այցելեց Ֆրանսիայի հրապարակ, Ազատության հրապարակ, հետո քայլեց Հյուսիսային պողոտայով, որտեղ տոնական միջոցառումներն իրենց կիզակետում էին: Երևանի քաղաքապետարանում նա մասնակցեց տոնական հանդիսավոր միջոցառմանը, որից հետո, Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց Հանրապետության հրապարակ՝ ունկնդրելու երգող շատրվանների համերգը և խառնվելու իրենց քաղաքի տոնը նշող բնակիչների բազմությանն ու վայելելու երևանյան թավշյա աշունը:
Քաղաքապետի այցից մեկ օր առաջ Երևան ժամանած նրա ղեկավարած պատվիրակության մի մասն այցելել էր Հայ-ֆրանսիական համալսարան՝ ողջունելու այս փայլուն կրթական հաստատության ուսանողներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք նորաստեղծ ձեռնարկություններ (Impact Hub, New Technology Education Fund/TSD). Պատվիրակությունը ծանոթացել է նաև Հայաստանում ՀԲԸՄ գործունեությանը :