«Մեծ Լիոնի» կենտրոնում Լիոն Կոնֆլյուանս` եզակի քաղաքային նախագիծ Եվրոպայում [fr]

Ռոնի և Սոնի միախառնման կետում Կոնֆլյուանս թերակղզու կառուցապատումը Եվրոպայի կենտրոնական քաղաքային ամենամեծ ծրագրերից մեկն է:

Այս ծրագրի նպատակն է երկար տարիների ընթացքում արդյունաբերությանը ծառայած այս տարածքը վերածել «Մեծ Լիոնի» նոր սահմանային գոտիներից մեկին: Այս աննախադեպ նորարական ծրագիրը թույլ է տալիս կրկնապատկել Լիոնի կենտրոնի մակերեսը և ամրապնդել քաղաքի` համաշխարհային նշանակության քաղաքի կարգավիճակը:

Cube Confluence © J.Boucherat (SPLA Lyon Confluence)Cube Confluence © J.Boucherat (SPLA Lyon Confluence) - GIF

Գտնվելով Շվեյցարիայի, Գերմանիայի, Իտալիայի մոտակայքում և դեպի Իսպանիա տանող ճանապարհին` Լիոնի ագլոմերացիան կարևոր տեղ է զբաղեցնում Եվրոպայի hյուսիսի և hարավի հատման կետում: Եվրոպայի բեռնափոխադրումների ճանապարհների խաչմերուկում տեղակայված լինելու շնորհիվ Լիոնն օժտված է երկաթգծային, ավտոճանապարհային, ավիացիոն և նավագնացության շատ խիտ ցանցով: Ճեպընթաց գնացքով Լիոնից Փարիզ հասնելու համար պահանջվում է մոտավորապես 2 ժամ, իսկ Բրյուսել հասնելու համար` 3 ժամ 40 րոպե: Ավտոճանապարհային ցանցը սպասարկում է առաջնային կարևորության բնագավառները: Որակյալ ավտոճանապարհներն իրար են կապում Ֆրանկֆուրտը, Բարսելոնան, Ժնևը և Բրյուսելը: Լիոն-Սենտ Էքզյուպերի օդանավակայանն ապահովում է թռիչք դեպի հարյուրավոր քաղաքներ, որոնցից 70-ից ավելին միջազգային կարևորության կենտրոններ են: Էդուարդ Հերիոտ նավահանգիստը, որն ապրանքափոխադրման և մատակարարման իսկական կենտրոն է, այսօր սպասարկում է 70 ձեռնարկությունների:

Լիոն Կոնֆլյուանսը` Եվրոպայի կենտրոնական քաղաքային ամենամեծ նախագծերից մեկը, այս դարի սկզբի ամենախոստումնալից ծրագրերից մեկն է: 150 հեկտար մակերեսով տարածքը` նախատեսված Լիոնի շրջանում գտնվող թերակղզու հարավային մասում իրականացվելիք այս նախագծի համար, մտնում է ծովափնյա քաղաքներում իրականացվող արդյունաբերական խոպանի վերամշակման միջազգային մասշտաբի ծրագրի մեջ: Սա մի հսկայական նախագիծ է, որը կարելի է համեմատել Լոնդոնի կամ Համբուրգի նավանորոգարանների վերակառուցման ծրագրի հետ:

Ռոն-Ալպերի տարածաշրջանային Խորհրդի և Շրջակա միջավայրի և էներգիայի կառավարման գործակալության (ADEME) կամոք ստեղծված, շենքերի կառուցման և կղզյակների կառուցապատման նպատակ հետապնդող «ապագա ներդրումային ծրագրի» մեջ գրանցված վերակառուցման այս նախագծի նպատակն է ոչ թե քանդել եղածը, այլ վերջինիս նոր շունչ հաղորդել կառուցապատման միջոցով: Լինելով գործարար, ինչպես նաև բնակելի թաղամաս` քաղաքային այս ավանը եզակի տարածք է, որտեղ համատեղվում են բնակելի շենքեր, առևտրի կենտրոններ, գրասենյակներ, թանգարաններ, ժամանցի վայրեր, համալսարան... Այս տարածքի բարենպաստ աշխարհագրական դիրքը, որը վերջինս կապում է Եվրոպայի և աշխարհի մյուս մասերի հետ, գրավում է ամբողջ աշխարհի գործարարներին, շենքեր կառուցող ձեռներեցներին և ներդրողներին, ովքեր շտապում են ծանոթանալ տեղանքին:

Կիոտոյի արձանագրության շրջանակներում մաքուր շրջակա միջավայրի և էներգիայի վերականգնվող պաշարների կիրառման համադրությամբ էկո-կառուցապատումն արագացնելուն ուղղված եվրոպական Concerto ծրագրի 2004թ. դափնեկիրը հանդիսանալով` վերոնշյալ ծրագրի միջոցով Եվրոպական հանձնաժողովն այս նախագծի իրագործման համար հատկացրել է ևս չորս միլիոն եվրո դրամաշնորհ: Այսպիսով, համագործակցություն է հաստատվել NEDO-յի (ADEME-ի ճապոնական համարժեքն է) և «Մեծ Լիոնի» միջև` Կոնֆլյուանսի էներգետիկ պաշարների բարելավման համար, հատկապես ծովագնացության բնագավառում (Հիկարի նախագիծը P կղզյակի համար): Բնապահպանության և կայուն զարգացման նախարարության կողմից էկո-թաղամաս անվանված Լիոն Կոնֆլյուանսն այսուհետ Ֆրանսիայի առաջին թաղամասն է, որը կրում է World Wildlife Fund միջազգային բնապահպանական կազմակերպության պատկերանիշը:

Այս հսկայական շինհրապարակը նոր սերնդի շինհրապարակների կատարյալ նախատիպն է: Կոնֆլյուանսի նախագծի առաջին փուլից (2003-2015) հետո, բարեկարգման երկրորդ փուլը պետք է իրականացվի 2010-ից 2025թթ.: Այն իրագործվում է` համաձայն շվեյցարացի ճարտարապետներ Ժակ Հերցոգի և Պիեռ դը Մորոնի նախագծի` ֆրանսիացի բնանկարիչ Միշել Դեվինյի համագործակցությամբ: Հերցոգը և դը Մորոնը աշխարհի ամենալավ ճարտարապետներից են և վաղուց ի վեր աշխատում են ժամանակակից արվեստի բնագավառում: Նրանք են 2008 թ. Օլիմպիական խաղերի համար կառուցված Պեկինի Ազգային մարզահամալիրի ճարտարապետները: Լոնդոնում չշահագործվող էլեկտրակայանը նրանք վերափոխել են ժամանակակից արվեստների շատ հայտնի թանգարանի` Tate Modern անվամբ:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում աշխատող միջազգային փորձագետներ ներգրավվել են թերակղզու ձևափոխման գործընթացի մեջ: Մասնավորապես կարելի է նշել MVRDV-ի (Ճարտարապետության և քաղաքաշինության հոլանդական գրասենյակի) հոլանդացի, Coop Himmelbau-ի ավստրիացի մասնագետներին, Ֆրանկո–բրիտանացի Ժակոբին և Մակ Ֆարլանին, իտալացի Մասիմիլիանո Ֆուկսասին, ճապոնացի Կենգո Կումային, ֆրանսիացիներ Քրիստիան դը Պորտզամպարկին, Օդիլ Դեկին, Մանուելլա Գոտրանին և Ժան – Միշել Վիլմոտին:

Քաղաքային ավանի ճարտարապետական բազմազանությունը միջազգային մակարդակով ճանաչված հատուկ ճարտարապետների սեղծագործական մտքի արդյունք է: Որոշ կառույցներ, ինչպես օրինակ` ճարտարապետներ Դոմինիկ Ժակոբի և Բրենդամ Մակ Ֆարլանի նախագծած Cube Orange-ը (Նարնջագույն Խորանարդը), կամ էլ Քրիստիան դը Պորզամպարկի նախագծած Տարածաշրջանային տպավորիչ նստավայրը, ուշադրություն են գրավում: Վերջինիցս ոչ հեռու գտնվող Դուանի նախկին տաղավարը պատսպարում է եզակի ներքին ճարտարապետությամբ արվեստի պատկերասրահներ և ֆրանս -ճապոնական ռեստորան:

«Մարդկային ջանքերի և ստեղծագործական մտքի այս համատեղումը, որը բնորոշ է Կոնֆլյուանսին, ներդաշնակ կյանք և բարձր կենսամակարդակ է խոստանում բոլորին և խորհրդանշում է Լիոնի` մշտապես փոփոխվող եվրապական կենտրոնական քաղաքի ագլոմերացիայի վերափոխումը», - նշում է Լիոնի քաղաքապետ, սենատոր և «Մեծ Լիոնի» նախագահ Ժերար Կոլոմբը:

Աննիկ Բիանշինի

Ինտերնետային կայք` Lyon Confluence

տպագրված ... 29/03/2012

Էջի սկիզբ