Մամուլի հաղորդագրություն « Ֆրանկոֆոնիայի ավանում» Ֆրանսիայի տաղավարի ներկայացում [fr]

Ս.թ. Հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության կողմից կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:
Ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը:

Ֆրանսերեն լեզուն այսօր ոչ միայն կիսվելու և օգտագործելու համար է, այլ ստեղծագործելու և հաջողության գործիք է՝ «հնարավորությունների ֆրանսերեն», ինչպես բնորոշում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի տաղավարը ստեղծվել է հենց այս ոգով, համատեղելով բազմաթիվ տնտեսական, մշակութային, մեդիա, տեխնոլոգիական և իհարկե՝ կրթական բազմաթիվ միջոցառումներ:

Գործարարություն և զարգացում - հանդիսանալով ֆրանկոֆոն գործարար կանանց և տղամարդկանց հանդիպման վայր, Ֆրանսիայի տաղավարը միավորում է բազմաթիվ օպերատորների, որոնց թվում են Բիզնես Ֆրանսը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը: Ընտրված թեման «արդյունավետ ֆրանսերենն» է: Ֆրանսերեն լեզուն հիրավի անհրաժեշտ է միջազգային ասպարեզում, մասնավորապես՝ աֆրիկյան մայրցամաքում գործարարության համար:
Թվային ոլորտ, մեդիաներ և մշակույթ – Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, Ֆրանսիայի տաղավարն առաջարկում է նորարարական միջոցառումներ «հնարավորությունների ֆրանսերենը» խորագրով տարածքում: Խոսքն օրինակ Ֆրանսիայի զբոսաշրջային վայրերի վիրտուալ շրջագայության և վիդեո խաղերի մասին է: Ֆրանկոֆոն ավանի շաբաթվա շրջանակներում կկազմակերպվի երիտասարդ բլոգերների վերապատրաստում:
Արհեստներ և տարածքներ – Ֆրանսիայի տաղավարի երկու սրահները նվիրված կլինեն մասնագիտական կրթությանը: Այս ոլորտին մեծ աջակցություն են ցուցաբերում ֆրանսիական տարածքային կառավարման մարմինները, մասնավորապես Լիոն քաղաքը: Սրահներում, որոնք նվիրված են «օգտակար ֆրանսերենին» և «հմտությունների ֆրանսերենին», Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը կկազմակերպի վրսահարդարման ցուցադրություն և խոհարարական մրցույթ կենտրոնի երիտասարդ խոհարարների միջև : Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Ֆրանսիական դպրոցը կներկայացնեն իրենց կրթական ծրագրերը :
Գիտելիք և լեզուներ – Ֆրանսիայի տաղավարում կանցկացվեն գիտելիքի և ֆրանսերեն լեզվի խթանման բազմաթիվ միջոցառումներ : Օրինակ Հայկական Ալիանս ֆրանսեզը, որ այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, կառաջարկի ֆրանսերենի դասընթացներ սկսնակների համար և վերապատրաստման դասընթացներ դասավանդողների համար : Ֆրանսերենի շուրջը կհամախմբվեն նաև TV5 հեռուստաընկերությունը, RFI ռադիոկայանը և Ֆրանսիական ինստիտուտը : Միջոցառումների շարքում հարկ է նշել Caravane des dix mots միջոցառումն իր հսկա խամաճիկներով, երգին, պարին և թատրոնին նվիրված սեմինարները, ինչպես նաև հանրության հետ բանավեճերը և նույնիսկ ֆրանսիացիների սիրած պետանկ կոչվող խաղը :

Ֆրանսիայի տաղավարը փոխանակումների և ուսուցման վայր է, բաց՝ բոլոր ֆրանկոֆոնների համար: Այն լիովին համապատասխանում է «ապրելու և միասին ստեղծելու» Ֆրանկոֆոն ավանի կարգախոսին:

Ֆրանսիայի տաղավարի կողքին ներկայացված կլինի Օ-դը-Սեն դեպարտամենտը, որը կներկայացնի Հայաստանի հետ սերտորեն կապված տարածքային այս համայնքը :

Միջոցառումների ամբողջական ծրագիրը, այդ թվում Ֆրանսիայի տաղավարից դուրս կազմակերպվող միջոցառումները, որոնք վերաբերում են Ֆրանսիայի հետ համագործակցությանը, մանրամասնորեն կներկայացվեն culturefrance.am կայքում և Ֆրանսիայի դեսպանության սոցիալական ցանցերում :
PNG

տպագրված ... 28/09/2018

Էջի սկիզբ