Հունիսի 16-ին Հայաստանում Ֆրանսիական համալսարանը տոնեց իր 15-ամյա հոբելյանը [fr]

2016թ. հունիսի 16-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը տոնեց իր 15-ամյա հոբելյանը : Այս առիթով ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ինչպես նաև ՀՖՀ-ի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը և ՀՖՀ-ի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Ժան Մուլեն-3 համալսարանի դոկտոր Գիյոմ Ռուսեն ողջունեցին համալսարանի հաջողությունը, որը ֆրանս-հայկական համագործակցության հաջողության վառ օրինակ է: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձիք, այդ թվում ՀՀ ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանը :

ՀՀ Վարչապետը շնորհավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և շրջանավարտներին, նշելով, որ վերջիններս իրենց նպաստն են բերում Հայաստանի պետության, տնտեսության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը : Պարոն Աբրահամյանը նաև նշեց, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՖՀ-ի ռեկտորին պարգևատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով :

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն երախտիքի խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր նպաստել են ՀՖՀ-ի ստեղծմանը, մասնավորապես ՀՀ Կրթության և Գիտության տարբեր նախարարների, ինչպես նաև ՀՖՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանին : Նա նշեց, որ ՀՖՀ-ն քաղաքական ամուր կամքի պտուղ է, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև սերտ երկխոսության արդյունք : Ֆրանսիական համալսարանն այսպիսով ֆրանս-հայկական համագործակցության նշաձողներից մեկն է, որի շնորհիվ Հայաստանում հնարավոր եղավ ձևավորել ֆրանկոֆոն ստվար էլիտա :

Դեսպանը նշեց այն երեք կարևորագույն առանցքները, որոնց շուրջ պետք է կառուցել այս ուսումնական հաստատության ապագան. դրանք են Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացումը, Վրաստանի և Իրանի հետ գործընկեր հաստատությունների միջոցով համալսարանին տարածաշրջանային նշանակություն հաղորդելը և ֆրանսիական և եվրոպական փայլուն որակի կրթություն առաջարկելը :

ՀՖՀ-ի ռեկտորը, ինչպես նաև Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչը, որ 2000 թվականից ի վեր ներգրավված է ՀՖՀ-ի զարգացման գործում, ընդգծեցին ֆրանս-հայկական այս նախագծի աննախադեպ հաջողությունը :

Հանդիսավոր արարողությանը հաջորդած ընդունելությունը հաճելի բարեկամական մթնոլորտ էր ստեղծել ուսանողների, դասախոսների և երիտասարդ շրջանավարտների միջև մտքեր փոխանակելու համար :

ՀՖՀ-ի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ՝

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ