Հնագիտական առաքելություն Էրեբունի. 20 տարվա համագործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև [fr]

2008 թվականից ի վեր հայկական և ֆրանսիական արշավախմբերը Էրեբունի ամրոցի տարածքում համատեղ պեղումներ են իրականացնում շնորհիվ Ֆրանսիայի Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Էրեբունի թանգարանի և Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցության : Հնագիտական արշավախումբը ղեկավարում են մշակութային ժառանգության պահապան Ստեֆան Դեշամը և Էրեբունի թանգարանի և հնավայրի տնօրեն Միքայել Բադալյանը :

Հետազոտությունների արդյունքները

2008 թվականից, Ստեֆան Դեշամի ղեկավարությամբ իրականացված հաջորդական ծրագրերը հիմնականում առնչվել են ուրարտական դիցարանի գլխավոր աստված Խալդի տաճարին և տաճարին հենված երեսուն սյունանի մեծ դահլիճին : Այսպիսով բացահայտվել է ամրոց տանող նոր մուտքը : Սյունազարդ մեծ դահլիճի վերագրումը ուրարատական ժամանակաշրջանին կամ պարսից Աքեմենյան կայսրությանը գիտնականների համար բանավեճերի առիթ է հանդիսացել: Այս ժամանակահատվածն այսուհետ կարելի է վերագրել միջանկյալ ժամանակաշրջանի, որը տեղակայվում է այս երկու ժամանակաշրջանների միջև : Հայտնագործությունը նոր լույս է սփռում մի բարդ ժամանակաշրջանի վրա, որը նախորդում է գրավոր աղբյուրներում Հայաստանի առաջին հիշատակմանը (Դարեհի Բեհիսթունի արձանագրություն, մ.թ.ա. 522-521):

Նոր ծրագիր. հետազոտությունների և արժևորման հեռանկարները

2019 -2022 թթ. հետազոտությունների նոր ծրագիրը նախատեսում է շարունակել պեղումները գլխավոր կառույցի մոտ և դրա շրջակայքում : Արդեն իսկ պեղվել են նոր տաճարի հիմքերը, որի հետ միասին տաճարների թիվը հասնում է երեքի և հնարավոր դարձնում այն որակել « պաշտամունքային համալիր »: Իյուբսաի տաճարի առջև գեղեցիկ խճածածկ գետինը առիթ է տալիս մտորելու ուրարտական ժամանակաշրջանի տաճարների առջև կատարվող ծիսական սովորույթների մասին (մ.թ.ա. 8 –րդ և 7-րդ դարեր): 1960 թվականին, առաջին պեղումների ժամանակ հայտնաբերված, մ.թ.ա. 6-ից 4-րդ դարերի « կրակի տաճար » կոչվող առեղծվածային շինությունը ներկայումս գտնվում է ուսումնասիրության փուլում :

Հետազոտություններին զուգահեռ, ծրագիրը դիմում է մշակութային ժառանգության ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաների օգնությանը : Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ, Aird’Eco Drone մասնագիտացված ընկերությունը ս.թ. սեպտեմբերի 12-ին և 13-ին իրականացրեց LIDAR (Light detection and ranging) տեղանքի գծահանում հնավայրում և հարակից տարածքում : Դրոնով իրականացվող այս տեխնիկան հնարավորություն է տալիս ստանալ տարածքի բացարձակ ճշգրիտ տեղագրական գծահանումը : Այնուհետև գծահանման ավելի քան 150 միլիոն կետերը մշակվում են՝ թույլ տալով ստանալ տարածքի 3D թվային մոդելը: Լազերային հետազոտության աշխատանքները կշարունակվեն 2020 թվականին : Այս գործիքները, Էրեբունի թանգարանի համագործակցությամբ, հետագայում հնարավորություն կտան այցելուներին ներկայացնելու հնավայրի 3D մոդելավորումը նրա պատմության տարբեր փուլերում և վերանայելու այս հիանալի մշակութային ժառանգության արժևորումը, որը նշանավորում է Երևան քաղաքի ակունքները :

տպագրված ... 16/09/2019

Էջի սկիզբ