Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Լատվիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում (30.09.2020) [fr]

Լեռնային Ղարաբաղի հարցով իրավացի եք, ընդգծելով կիրակի օրը ծագած ճգնաժամի կարևորությունը, կարևորությունն, անշուշտ, Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար։
Նախ կրկնում եմ կոշտ և հստակ կոչը, որ Ֆրանսիան արեց հենց կիրակի առավոտյան, այն է հրադադարի անվերապահ հաստատում։ Ես առիթ եմ ունեցել զանգահարելու վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին ու հստակ լսելի դարձնել կոչը։ Մասնավորապես, քանի որ հաստատվել է, որ Ադրբեջանից կրակոցներ են եղել, պահանջեցի, որպեսզի վերջ դրվի հարձակմանը, և շատ հստակ դատապարտեցի միջոցները, որոնք անհամաչափ էին թվում, եթե նույնիսկ բախումներ կամ դեպքեր լինեին սահմանին կամ տարածաշրջանում։ Գիտենք, որ հուլիս ամսվանից այդպիսիք գրանցվել են, և ես չափազանց զգույշ եմ այս հարցում։ Բայց, վերջապես կիրակի օրվանից հաստատվեց, որ կրակոցները եղել են Ադրբեջանի կողմից, ուստի ցանկանում եմ ասել, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է հանդարտվի և վերադառնա հրադադարի ռեժիմին։ Մտքերով ես բոլոր զոհերի ընտանիքների հետ եմ։
Սույն համատեքստում ես ծայրաստիճան զգուշավոր եմ այն հետևանքների կամ վերագրումների հարցում, որոնք կարող էինք լսել վերջին ժամերի և օրերի ընթացքում։ Այս փուլում մենք չենք տիրապետում սեփական փաստերի, որոնք թույլ են տալիս խոսել հակամարտության տարածաշրջայնացման մասին և որևէ մեկին վերագրել գործողությունների ամբողջությունը։ Ուստի, կիրակի օրվանից հանձնարարել եմ նախարարներին և իրավասու մարմիններին մեր գործընկերների հետ համատեղ հաստատել մինչև կիրակի և կիրակի օրվանից հետո եղած փաստերը, որպեսզի հստակ հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունեցել և ո՞վ է կրում պատասխանատվությունը։ Երեկ լսեցինք ամենատարբեր հայտարարություններ, որոնց առնչությամբ շարունակում եմ չափազանց զգուշավորություն ցուցաբերել, քանզի խոսում եմ բացառապես ստույգ տեղեկությունների հիման վրա և, այս առնչությամբ, չէի ցանկանա արձագանքել մամուլում տեղ գտած տեղեկատվությանը։
Հարցի շուրջ կա միջնորդության համար պատասխանատու իրավասու միջազգային խումբ, որը կոչվում է Մինսկի խումբ և որը համանախագահում են ԱՄՆ, Ռուսաստանը և Ֆրանսիան։ Ճգնաժամի առաջին իսկ ժամերից մենք կապ հաստատեցինք մեր գործընկերների հետ Արտգործնախարարի և իմ մակարդակով։ Այս երեկո հեռախոսազրույց եմ ունենալու նախագահ Պուտինի, իսկ վաղը, կարծում եմ, նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարողանանք հարցի շուրջ կարծիքներ փոխանակել և ելք առաջարկել։ Այսօր հայատարարությամբ հանդես կգան Մինսկի խմբի համանախագահները։ Վաղը ես այս քայլերի մասին կզեկուցեմ Եվրոպական խորհրդին և կկիսվենք նաև այդ տեղեկությամբ։ Ուստի, այս փուլում, ես մնում եմ չափազանց զգույշ, սակայն քաջատեղյակ ենք, որ իրավիճակը շատ թեժ է։
Փոխարենը, նկատի եմ առել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, որոնք, ըստ իս, անխոհեմ և վտանգավոր են։ Խոսքս մասնավորապես ուղղված է Հայաստանին. Ֆրանսիան Մինսկի խմբի կազմում իր դերակատարությամբ, որը ենթադրում է անաչառություն, որն էլ արդարացնում է իմ զգուշավորությունը, մնում է խորապես մտահոգ Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու ռազմատենչ ուղերձներով, որ վերջին ժամերին հնչեցրել է Թուրքիան` հիմնականում ապակառուցելով Ադրբեջանին։ Սա անընդունելի է մեզ համար։
Ուստի, շատ հստակ ասում եմ Հայաստանին և հայերին` Ֆրանսիան կկատարի իր դերը։ Այստեղ ևս զգոն կլինենք ընտանիքի, ժողովրդի, ինքնիշխանության հանդեպ հարգանքին և չենք հանդուրժի սրացման որևէ ուղերձ։ Ահա ամենը, որ կարող եմ ասել այս փուլում, քաջ գիտակցելով, որ չեմ պատասխանում ձեզ հուզող բոլոր հարցերին, քանզի ցանկանում եմ լինել փաստացի և ճշգրիտ։ Հուսով եմ, որ առաջիկա ժամերը հնարավորություն կընձեռեն հաստատելու սույն տեղեկությունների օբյեկտիվությունը։

տպագրված ... 02/10/2020

Էջի սկիզբ