Հանրապետության Նախագահի պաշտպանության խորհրդի նիստի ավարտից հետո արված հայտարարությունը

Ելիսեյան պալատ-Շաբաթ, 14 նոյեմբերի 2015թ.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այն ինչ կատարվեց երեկ Փարիզում և Ֆրանսիայի մարզադաշտի մոտ Սեն-Դընիում, պատերազմական գործողություն է, իսկ պատերազմի առաջ երկիրը պետք է համապատասխան որոշումներ կայացնի: Սա ահաբեկչական բանակի՝ Դաեշի, ջիհադական բանակի, Ֆրանսիայի դեմ, ողջ աշխարհում մեր պաշտպանած արժեհամակարգի, ողջ մոլորակի հետ խոսող մեր ազատ երկրի դեմ իրականացրած պատերազմական գործողություն է: Սա նախապատրաստված, կազմակերպված, դրսից ծրագրավորված և ներսի հանցակցությամբ իրականացված պատերազմական գործողություն է, որ կբացահայտի հետաքննությունը: Սա բացարձակ վայրագ գործողություն է. այս պահին 127 զոհված և բազմաթիվ վիրավորներ: Ընտանիքները վիշտ ու զայրույթ են ապրում, երկիրը դժվար կացության մեջ է:

Որոշում եմ ընդունել եռօրյա սուգ հայտարարելու մասին: Մեր համաքաղաքացիներին և մեր տարածքը պահպանելու նպատակով արտակարգ դրությանը համապատասխան ձեռնարկվել են բոլոր միջոցառումերը: Ներքին անվտանգության ուժերը և բանակը, որոնց արժանին եմ մատուցում, մանավանդ երեկ տեղի ունեցած գործողության համար, որի արդյունքում չեզոքացվեցին ահաբեկիչները, մոբիլիզացված են իրենց հնարավորությունների գերագույն մակարդակով: Ես հոգ եմ տարել, որ բոլոր միջոցառումներն առավելագույնս ուժեղացված լինեն: Այս օրերին զինվորականները կպարեկեն Փարիզում:
Դավադիր, ստոր և բարբարոս հարձակման ենթարկված Ֆրանսիան անողոք է լինելու Դաեշի վայրագների նկատմամբ: Իրավունքի շրջանակներում և օրենքին համապատասխան բոլոր միջոցներով, ահաբեկչական այս սպառնալիքի թիրախ իր դաշնակիցների հետ համաձայնեցված, Ֆրանսիան կգործի իր ողջ տարածքում՝ ներքին թե արտաքին: Մեր երկրի համար այսքան ցավալի, այսքան ծանր, այսքան վճռական պահին միասնության, համախմբվելու և սառնասրտության կոչով եմ դիմում ազգին: Երկուշաբթի Վերսալում հավաքված խորհրդարանին կդիմեմ փորձության այս պահին ազգը համախմբելու կոչով: Ֆրանսիան ուժեղ է:
Եթե անգամ կարող է վիրավորվել, միշտ ոտքի է կանգնում, ոչինչ նրան չի ընկճի անգամ եթե վիշտն է մեզ համակել: Ֆրանսիան ուժեղ է, գործուն : Ֆրանսիան խիզախ է և կհաղթի վայրագությունը: Պատմությունը մեզ դա է հիշեցնում, իսկ համախմվբելու մեր ունակությունը հաստատում է մեր համոզվածությունը:

Թանկագին հայրենակիցներ, այն ինչը պաշտպանում ենք՝ մեր հայրենիքն է, սակայն դա ավելին է քան հայրենիքը: Դրանք համամարդկային արժեքներն են: Ֆրանսիան կկարողանա իր պատավորությունները ստանձնել և Ձեզ եմ դիմում նման անհրաժեշտ միասնականության կոչով:

Կեցցե ՛ Հանրապետությունը, կեցցե՛ Ֆրանսիան:

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ