Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի դրույթների իրականացման երկկողմ հանդիպում [fr]

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2021թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հանդիպում։
Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ֆրանսիականը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Ողջունելով ֆրանսիական պատվիրակությանը՝ Պարույր Հովհանիսյանն ամփոփեց 2021թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստից ի վեր ճանապարհային քարտեզի դրույթների իրագործմանն ուղղված երկկողմ աշխատանքները։ Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն ուղղություններին, որտեղ արձանագրվել է առաջընթաց և ցանկություն հայտնեց առաջիկայում շոշափելի արդյունքներ արձանագրելու կապակցությամբ։

Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԳՆ-ին հանդիպումը կազմակերպելու համար: Նա հիշեցրեց, որ ճանապարհային քարտեզը երկկողմ տնտեսական համագործակցության ամրապնդման գործում նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամուր հանձնառության արդյունքն է, ՀԸԳՀ համաձայնագրի և Հայաստանում Եվրոպական Միության ներդրումային պլանի հետ համահունչ: Փարիզում մարտի 9-ին տեղի ունեցած « Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան » համաժողովը թույլ տվեց համախմբել տնտեսական համագործակցության պետական և մասնավոր դերակատարներին: Ֆրանսիայի դեսպանը ցանկություն հայտնեց, որ համաժողովի ընթացքում որոշ կոնկրետ ծրագրեր ի հայտ բերվեն, որոնք կստանան երկու կառավարությունների աջակցությունը և թույլ կտան մոբիլիզացնել նաև մասնավոր սեկտորը:

Քննարկումների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզում» ներառված ոլորտային առաջնահերթությունների վերաբերյալ՝ անդրադառնալով մասնավորապես բարեփոխումների, ենթակառուցվածքային նախագծերի և տեխնիկական փորձաքննության աջակցությանը : Մտքերի լայն և բարեկամական փոխանակումների ընթացքում քննարկվել են պետական քաղաքականության աջակցության, ինչպես նաև ճանապարհային հաղորդակցության, ջրամատակարարման, ոռոգման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում նախագծերի իրականացման հարցեր։

Անդրադարձ կատարվեց հունիսի 29-30-ին Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի հետ կապված հարցերին։ Կողմերն ընդգծեցին հայկական և ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմիններն իրենց ներդրումն ունենան հայ- ֆրանսիական համագործակցության ամրապնդման հարցում։
Կողմերը պայմանավորվեցին «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզի» դրույթների իրականացմանն ուղղված հաջորդ հանդիպումը կազմակերպել 2022թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

տպագրված ... 09/06/2022

Էջի սկիզբ