Հայ-թուրքական երկխոսության թեմայով կլոր սեղան Ֆրանսիական համալսարանում [fr]

Ս.թ. փետրվարի 17-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Երկիր-Եվրոպա ՀԿ-ն Ֆրանսիական համալսարանում կազմակերպել էին «Ի՞նչ ապագա ունի հայ-թուրքական երկխոսությունը. Հիշատակի հարցերի և միջազգային հարաբերությունների խաչմերուկում. Թուրքիայի, Հայաստանի և Ֆրանսիայի հայկական սփյուռքի դիտանկյունից » խորագրով բանավեճ : Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն : Բանավեճը հեռարձակվել է CivilNet.am –ով, որը հանդիսանում է միջոցառման մեդիա գործընկերը :

Այս բանավեճը կազմակերպվել է Ալամբեր հիմնադրամի շրջանակներում, որն ամեն տարի, Ֆրանսիական ինստիտուտի միջնորդությամբ աջակցում է ֆրանսիական մշակութային ցանցի հաստատություններում սեմինարների կազմակերպմանը, ներգրավելով քաղաքացիական հասարակություններին, հանրային կամ մասնավոր սեկտորի տեղական գործընկերներին և տարբեր գաղափարների տեր բանախոսների – դասախոսներ, լրագրողներ, ղեկավարներ :

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը մեծապես կարևորում է գիտելիքների տարածումը և մտքերի փոխանակումը, հայ-թուրքական երկխոսության թեմայի շուրջ և շրջանակներում, խոսքի հնարավորություն տվեց Ֆրանսիայի հայկական սփյուռքի, Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչներին, ինչպես նաև տեղական վերլուծական կենտրոնների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներին (Կովկասի ինստիտուտ, Հրանտ Դինքի հիմնադրամ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, «Imagine» հակամարտությունների վերափոխման կենտրոն), որպեսզի բոլորը կարողանան փոխանակել իրենց տեսակետներն այս թեմայի շուրջ՝ միջազգային հարաբերությունների, ինքնության, սոցիալական և հիշատակի հարցերի խաչմերուկում :


Հրավիրված բանախոսներն էին՝
-  Տալին Փափազյան, Փարիզի Սիանս-Պո համալսարանի դասախոս և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող
-  Ֆիլիպ Կալֆայան, իրավաբան և Փարիզ 2 համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի ավագ գիտաշխատող
-  Ժան-Ֆրանսուա Պերուզ, Ստամբուլի Անատոլիական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտի տնօրեն
-  Ալի Բայրամօղլու, Քաղաքագետ, Ստամբուլի Կուլտուր համալսարանի դասախոս
-  Վահրամ Տեր-Մաթևոսյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս
-  Թաթուլ Հակոբյան, լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամ, Երևան

Բանավեճը վարում էր լրագրող Սեդա Մավյանը:

Բանավեճին ներկա էր շուրջ հարյուր մասնակից (ուսանողներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության դերակատարներ, դիվանագետներ և այլն) : Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց մամուլում : Մեծ ուշադրության արժանացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքը, ով խրախուսեց քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը, ինչպես նաև Ալի Բայրամօղլուի խոսքը, ով Թուրքիայում առաջին մտավորականներից էր, որ խոսեց Հայոց ցեղասպանության մասին :

տպագրված ... 23/02/2017

Էջի սկիզբ