Հայկական հիշատակի ազգային կենտրոնի բացումը Դեսինում [fr]

«Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է եղել 1915 թվականին : Հիշեցնենք Հայաստանի, Ֆրանսիայի և համայն աշխարհի զավակներին, թե ուր է տանում մարդու կողմից մարդասիրության մոռացումը, ինչի հետևանքով անցնող դարը այնքան չարաբաստիկ օրինակների ականատեսը դարձավ », հայտարարեց տիկին Ֆիլիպետին:

Կիրակի, հոկտեմբեր 20-ին, Ֆրանսիայի Մշակույթի և հաղորդակցության նախարար տիկին Ֆիլիպետին` Ֆրանսիայի Հանրապետության նախագահ պրն. Ֆրանսուա Օլանդի ներկայացուցիչը բացեց Հայկական հիշատակի ազգային կենտրոնը (CNMA) Ֆրանսիայի Դեսին քաղաքում: Այս հավակնոտ նախագիծն իրենից ներկայացնում է նորարար և իր տեսակի մեջ միակ կառույցը սփյուռքում:

PNG - 206.3 ko
Le Centre National de la Mémoire Arménienne (CNMA), situé rue du 24 avril 1915 à Décines. Հայկական հիշատակի ազգային կենտրոնը (CNMA) տեղակայված Դեսին քաղաքի 1915թ. ապրիլի 24-ի փողոցում:

Ո՞րն էր կենտրոնի ստեղծման դրդապատճառը: Նախագիծն ավարտին հասցրած մարդկանց պատասխանը. «Արդեն շուտով մեկ դար է, ինչ սփյուռքի հայերը պայքարում են որ իրենց մշակույթը, իրենց պատմությունը, որ դրոշմված է 1915թ. ցեղասպանության ողբերգության կնիքով, չանհետանա և արդեն առավել հարստացված փոխանցվի ապագա սերունդներին, ինչպես նաև այն երկրների քաղաքացիներին, որտեղ նրանք ապրում են: Հենց այս անհրաժեշտությունից է, որ առաջացավ նման հաստատություն ստեղծելու գաղափարը, որն ունի երեք նպատակ.

  1. Ստեղծել կանոնակարգված փաստաթղթերի կենտրոն, որը դասակարգված կլինի փաստաթղթային համալսարանական համակարգում (SUDOC) և ներառված Ֆրանսիայի, Եվրոպայի և ողջ աշխարհում գոյություն ունեցող այլ կենտրոնների ցանցում և ընդուակ կլինի իրականացնել պաշտոնական և մասնավոր արխիվների պահպանումն ու փոխանցումը:
  2. Զարգացնել բազմամասնագիտական հետազոտական կենտրոն, որը կզբաղվի մշակույթի, ինքնության, Հայոց ցեղասպանության ինչպես կոլեկտիվ այնպես էլ անհատական հետևանքների, միջմշակութային փոխանակումների դինամիկայի հարցերով:
  3. Պահպանել և զարգացնել մեր ունեցած ժառանգությունը հանրությանն ուղղված գործունեության միջոցով մշակութային միջնորդության քաղաքականության միջոցով, որը կհամապատասխանի մեր վարքագծի ուղենիշի հետ` « մնալ նույնը դառնալով ուրիշ ».

Վայր սովորելու և չմոռանալու համար

Դասախոսների մի խումբ կզբաղվի ցեղասպանության մասին պատմական գիտելիքների խորացման հարցերով և կօգնի ուսանողներին իրենց աշխատանքներում և ատենախոսություններում: Առաջին տարվա համար նախատեսվում է կազմակերպել տասնմեկ գիտաժողով-քննարկումներ կամ մշակութային այլ միջոցառումներ և դպրոցական խմբերի ընդունում: Արդեն իսկ կիրակի օրը կազմակերպվել էր հանդիսավոր բացմանն ուղեկցող երկու ցուցահանդես` «Հայ փախստականների մուտքը Ֆրանսիա» և «Հայ գիրքը վերածնունդից միչև Լուսավորության ժամանակաշրջան. մշակույթը սփյուռքում»:

12000 գրքի և 110 000 փաստաթղթի բազա

Հայկական հիշատակի ազգային կենտրոնը (CNMA) տեղակայված է 900մ² գերժամանակակից շենքում, ունի մասնագիտացված գրադարան, 100մ² արխիվային նյութերի սրահ և 80 տեղանոց համաժողովի դահլիճ: CNMA-ն ներառում է մոտ 12 000 գիրք և 110 000 փաստաթուղթ, որոնց մի մասը թվայնացման ընթացքում են : Դրանք վերաբերվում են պատմությանը, հուշագրություններին, լեզվին, մշակույթին, արվեստին և հայերի գաղթերին, ինչպես նաև համայնքների կյանքին Ֆրանսիայում և Եվրոպայում :

Հանրային իշխանությունների ներդրումը

JPEG - 13.9 ko
Mme Filippetti, Ministre de la Culture : "N’oublions jamais ce qui s’est produit en 1915" Մշակույթի նախարար տիկին Ֆիլիպետի. «Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է եղել 1915 թվականին»:

Մշակույթի և հաղորդակցության նախարար տիկին Ֆիլիպետին անդրադարձավ CNMA-ի ստեղծման պատճառներին. «Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է եղել 1915 թվականին: Հիշեցնենք Հայաստանի, Ֆրանսիայի և համայն աշխարհի զավակներին թե ուր է տանում մարդու կողմից մարդասիրության մոռացումը, ինչի հետևանքով անցնող դարը այդքան չարաբաստիկ օրինակների ականատեսը դարձավ» :

« Պատմական աշխատանքը պետք է շարունակվի (…) Սակայն փաստերը հաստատված են և Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է Ֆրանսիայի օրենսդրությամբ» շարունակեց նախարարը, ում համար « ժխտման քարոզչությունն ընդունելն անթույլատրելի է»:

«Այդ պատճառով, համաձայն պետության ղեկավար Օլանդի հանձնառության, կառավարությունը իրավական միջոցներ է ձեռնարկում՝ ապահովելու այն սկզբունքները, որոնք սահմանված են մեր սահմանադրությամբ, միջազգային օրենքներով և Եվրոպայի նկատմամբ պարտավորություններով», ավելացրեց նա:

Նշենք, որ այս կարևոր նախագծի իրականացումը հնարավոր չէր լինի առանց գործընկեր տեղական իշխանությունների օժանդակության, ինչպես Ռոն-Ալպեր շրջանը, Ռոնի գլխավոր խոչհուրդը, Մեծ Լիոնը, Դեսինի և Մեզիոյի քաղաքապետարանները, ինչպես նաև «Բուլլուկյան» հիմնադրամի և մասնավոր նվիրատուների աջակցության:

Լուսանկարները` Մշակույթի նախարարության, Նոյան Տապանի (n°980)

տպագրված ... 07/11/2013

Էջի սկիզբ