Հայկական խաղողագործական կոոպերատիվի տնօրենը՝ Positive Planet-ի Trophées 2015-ի դափնեկիր [fr]

Ժակ Ատալիի նախագահած Positive Planet-ը (Planet Finance-ի նոր անունը), 1998 թվականից ի վեր, աշխարհի 55 զարգացող երկրներում աջակցում է այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են ապահովելու ֆինանսական, կրթական, ձեռնարկատիրական ծառայությունների, շուկաների, առողջապահության, բնակարանի, ինչպես նաև ջրի ու հիգիենայի հասանելիությունը բոլորի համար :

Positive Planet-ը դրական էկոնոմիկայի մաս է կազմում և արժևորում այն մարդկանց նախաձեռնությունները, ովքեր լինելով համեստ և գտնվելով դժվարին պայմաններում, համակված են լավ բան անելու, իրենց ծրագրերը իրականացնելու, մյուսների համար օգտակար լինելու կամ նրանց ծառայելու ցանկությամբ :

Արդեն 8 տարուց ի վեր, ամեն տարի, Awards de Positive Planet-ը պարգևատրում է որևէ ձեռնարկության կամ հովանավորի օժանդակությամբ իրականացված այն ծրագրերի հեղինակներին, որոնք նշանակալի հաջողության են հասել: 2015 թվականի դափնեկիրների թվում է Տավուշի շրջանի Ծիրանկուտ խաղողագործական կոոպերատիվի նախագահ պարոն Սամվել Մանուչարյանը, ով ունի երեք աշխատակից և որի արտադրանքը 2014-ից 2015 թվականների ընթացքում կտրուկ աճել է 31 տոկոսով՝ շնորհիվ Positive Planet-ի աջակցության ուղղված արտադրության կազմակերպման ու որակի բարելավմանը և տեխնիկայի օգտագործմանը : Գյուղատնտես և Վարագավանի նախկին գյուղապետ Սամվել Մանուչարյանը պատրաստակամ է բարելավելու խաղողագործների կենսապայմանները և խաղողի հայկական տեսակներին վերադարձնելու իրենց ծագման արտոնագիրը :

Դեկտեմբերի 7-ին, Փարիզի Théâtre de la Gaité թատրոնում, « Շուկաների հասանելիություն» մրցանակը հայազգի դափնեկրին հանձնեցին դերասան Մաթիո Մադենյանը և Պերնո-Ռիկար ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժնի տնօրեն, տիկին Սանդրին Ռիկարը: Պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին ներկայացնում էր Դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, պարոն Ժան-Միշել Կասբարյանը:

Պերնո-Ռիկար ընկերությունը, որը Հայաստանում ներկայացված է իր «Երևանի կոնյակի գործարան» (Yerevan Brandy Company) մասնաճյուղով, սատարում է Positive Planet-ի խաղողագործական կոոպերատիվներին աջակցման ծրագրերը Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերում : Ծրագրով նախատեսվում է ստեղծել Brandy Armenien Ararat-ի արտադրության համար օգտագործվող խաղողի արտադրության 20 կոոպերատիվներ, ներառելով շուրջ 3000 շահառուի : Ծրագրի նպատակն է բարելավել խաղողագործների և նրանց ընտանիքների կենսապայմանները և դրանով իսկ պայքարել գյուղերից արտագաղթի դեմ :

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ