Հայաստանում ֆրանսիական համալսարանի երկու շրջանավարտ արժանացան Օվերն Ռոն –Ալպեր երկրամասի «Երիտասարդ դեսպան 2017» ծրագրի մրցանակին [fr]

Լիոն 3 համալսարանի Ձեռնարկությունների կառավարման ինստիտուտի (IAE) Մարկեթինգի և վաճառքի բաժնի մագիստրատուրայի ուսանող Գևորգ Բաղդասարյանը և նույն ինստիտուտի շրջանավարտ Լուսինե Արզումանյանը, 2017թ. ապրիլի 11-ին, Գրենոբլում արժանացան համապատասխանաբար Օվերն Ռոն –Ալպեր երկրամասի «Երիտասարդ դեսպան» ծրագրի առաջին մրցանակին և Trophées Réalisés մրցանակին : Նշենք, որ երկու ուսանողներն էլ ՀՖՀ-ի շրջանավարտ են :


«Օվերն Ռոն-Ալպերի Երիտասարդ դեսպաններ» ծրագրի շնորհիվ 145 օտարերկրացի ուսանողների հնարավորություն տրվեց 2016թվականի հոկտեմբերից մինչև 2017թվականի ապրիլը ծանոթանալու ֆրանսիական այդ շրջանի տնտեսական, մշակութային, ակադեմիական և ինստիտուցիոնալ ոլորտներին և այդպիսով դառնալու այդ տարածաշրջանի «դրոշակակիրը» իրենց ապագա կարիերայի ընթացքում : Ծրագրին մասնակցելու համար, յուրաքանչյուր Երիտասարդ դեսպան պետք է մշակի Օվերն Ռոն-Ալպեր շրջանի և իր երկրի միջև համագործակցության ծրագիր՝ շրջանի որևէ ձեռնարկության ղեկավարի կամ պաշտոնյայի ղեկավարությամբ, ով նրանց աջակցում է իր փորձագիտական ու ցանցային ռեսուրսներով :


Գևորգ Բաղդասարյանը մշակել է «Մոն Բլանի անկյուն» ծրագիրը, որի նպատակն է աշխուժացնել Ծաղկաձորի լեռնադահուկային կայանը : Ֆրանկոֆոնիայի սեզոնի առիթով, նա առաջարկում է բացահայտել Օվերն Ռոն-Ալպեր շրջանը՝ տեղադրելով գովազդային վրան և առաջարկելով ուտեստների համտես, սպորտային միջոցառումներ և համերգ:


Լուսինե Արզումանյանը 2010 թվականին նախաձեռնել էր Հայաստանում Բոժոլե Նուվո գինու խթանման ծրագիրը, որը նա կրկին անգամ կազմակերպեց 2013 և 2016թ.թ. : Այժմ Լուսինե Արզումանյանը խորհրդատու է և ձգտում է նպաստել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը :


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհավորում է երկու երիտասարդ Դեսպաններին, որոնք Հայաստանից են և միևնույն ժամանակ՝ Օվերն Ռոն-Ալպեր շրջանից և մասնակցում են տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդմանը:

տպագրված ... 19/04/2017

Էջի սկիզբ