Հայաստանում Ֆրանսիաի արտակարգ եւ լիազոր դեսպան ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հարցազրույցը « Ժողովուրդ» օրաթերթին

- Մեծարգո՛ դեսպան, Դուք Հայաստանում ներկայացնում ենք Ձեր երկիրը: Խնդրում ենք ասել, թե ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը պատմական այդ արյունալի իրադարձության հանդեպ:

-Օրեր առաջ՝ հունվարի 28-ին, Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների առաջ Հանրապետության Նախագահ Օլանդը եւս մեկ անգամ արտահայտեց Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ: Նա նկարագրեց իրականացված ջարդերի գործընթացի տարբեր փուլերը: Նախ՝ զանգվածային սպանություններ՝ սկսած 1915-ի ապրիլի 24-ից, հետո՝ աքսոր դեպի Սիրիա, որի ճանապարհին շատ տեղահանված գերեվարվածներ զոհվեցին, վերջապես՝ ճամբարներ՝ «կանխագիտությամբ այլ ճամբարների», որտեղ հայերը մահացան հյուծվածությունից, քաղցից եւ ցրտից: Դատելով ջարդերի ընդունած չափերից եւ այն փաստից, որ միայն հայ լինելը բավական էր սպանվելու համար, կասկած չկա, որ կատարվածը ցեղասպանություն էր: 2001-ի հունվարի 29-ին Ֆրանսիան նոր ուժ հաղորդեց ցեղասպանության ճանաչմանը՝ այն ճանաչելով օրենքի ուժով: Խոսքի ազատությունը, որն այդքան կարեւորում է Ֆրանսիան, ոչ մի պարագայում չի կարող ընկալվել որպես «մարդկության դեմ հանցանքի ժխտում» թույլատրող պատրվակ, ինչպես դա ցույց տվեցին վերջին շաբաթների ողբերգական դեպքերը:

- Որպես Հայաստանի հետ դիվանագիտական եւ բարեկամական սերտ հարաբերություններ ունեցող եւ հայ ժողովրդի բարեկամ երկիր՝ Ձեր կողմից Հայոց ցեղասպանությանը նվիրված որեւէ անդրադարձ լինելո՞ւ է՝ միջոցառման կամ հիշատակման այլ ձեւով:

- Իհարկե: Միջոցառումներ են նախատեսված ողջ երկրում: Ի դեպ, դրանց մեկնարկը տրվեց հունվարի 28-ին տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Հանրապետության Նախագահի ելույթը զետեղվեց համացանցում, լուսաբանվեց ֆրանսիական մամուլի ազդեցիկ օրգանների կողմից: Փետրվար-մարտ ամիսներին կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, թատերական բեմադրություններ եւ հավաքներ: Ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում նախատեսված տարբեր միջոցառումներով հանդերձ, ինքնըստինքյան կլինի հարյուրամյակի շուրջ համախմբման կիզակետը: Մշտարթուն հիշողությանն ուղղված այս մոտեցումը կշարունակվի մինչեւ տարեվերջ, կնշանավորվի Ցեղասպանության վերապրածներին նվիրված հուշարձանի բացումով:

- Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահի կողմից կատարված այն քայլը, որ նա ապրիլի 24-ին շուրջ 102 պետությունների նախագահների հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառմանը: Մինչդեռ Գալիպոլիի մարտերը սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին եւ շարունակվել մինչեւ 1916 թվականի հունվարի վերջը: Ձեր կարծիքով՝ այդպիսով Թուրքիան ի՞նչ նպատակ է հետապնդում: Կարծիք կա, որ այս ձեւով Թուրքիան փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից եւ հայ ժողովրդի վշտից:

- Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում ոգեկոչման արարողությունների կարգը եւ անցկացման ամսաթիվը: Նման ընտրությունը չի կարող մեկնաբանվել այլ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից :

- Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի բարեկամ պետություններն ու նրանց դիվանագիտական ներկայացուցչությունները՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հատուցմանը հասնելու համար:

- Նախապես հայտարարելով, որ 2015-ի ապրիլի 24-ին լինելու է Երեւանում, նախագահ Օլանդն առանց երկիմաստության ուղերձ է հղել աշխարհի իր գործընկերներին: Ֆրանսիան հպարտանում է այդ ուղին ցույց տալու համար: Անցյալ տարի Հանրապետության Նախագահն իր գոհունակությունը հայտնեց նախագահ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցությունների համար՝ ընդգծելով, որ դա միայն առաջին քայլն է, եւ պետք է ավելի հեռուն գնալ: Մի կարեւոր նախադասություն մեջ բերեմ Նախագահի՝ հունվարի 28-ի ելույթից. «Ճշմարտության ջանքերը պիտի շարունակվեն /…/ ժամանակն է փշրել արգելքները, ժամանակն է, որ երկու ազգերը, Հայաստանը եւ Թուրքիան նոր մեկնակետ գտնեն»: Սրանից զատ՝ Նախագահը կրկնեց իր ցանկությունը հայ-թուրքական վերաբացված սահմանի մասին՝ համաձայն 2009-ին՝ Ցյուրիխում, նաեւ Ֆրանսիայի ներկայությամբ, ստորագրված արձանագրությունների: Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններն արժանի են միջազգային հանրության խրախուսանքին եւ սատարմանը:

տպագրված ... 10/02/2015

Էջի սկիզբ