«Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը Ֆրանսիայի դեսպանատանը

Երկուշաբթի, ժ.12.00

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և Ֆրանսիայի դեսպանության «Ռոտոնդյան հանդիպումների» շրջանակներում, հունիսի 29-ին ժամը 12-ին, Ֆրանսիայի դեսպանատանը տեղի կունենա «Հայաստանը և հայերը Առաջին համաշխարհային պատերազմում » վիրտուալ թանգարանի պաշտոնական ներկայացումը մամուլին (armeniens-14-18.fr): Մասնավորապես կներկայացվեն Ցեղասպանությանը նվիրված ցուցասրահները:.

Թանգարանը, որի ստեղծման գաղափարն առաջացել է 2014թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակի առիթով և 2015թվականին հարստացվել Ցեղասպանության մասին փաստաթղթերով, արդյունքն է Հայաստանի Ազգային արխիվի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության Արխիվի գործընկերության:

Վիրտուալ թանգարանը նպատակ ունի ինչպես հանրության լայն շրջանակներին՝ Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ գիտնականներին առավել հանգամանորեն ծանոթացնել Առաջին համաշխարհային պատերազմում Հայաստանի տեղի, պատմական, դիվանագիտական ասպեկտների, ցեղասպանության հետևանքով մարդկային ողբերգության մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Հայաստանը կարողացավ դիմակայել, ոտքի կանգնել և այս անասելի փորձությունը դարձնել ուժ՝ իր ապագան կերտելու համար:

Վիրտուալ թանգարանն այսօր ունի 4 գործող ցուցասրահ.
- La France et l’Arménie, qui présente un panorama général des relations franco-arméniennes ;
-  «Ֆրանսիան և Հայաստանը» սրահը, որը ներկայացնում է ֆրանս-հայկական հարաբերությունների ընդհանուր համայնապատկերը,
-  «Կովկասի մուտքը պատերազմ» սրահը, որը ներկայացնում է հայկական հարցը միջազգային և ռազմական գործողությունների ֆոնի վրա,
-  «Հայ ռազմիկները բոլոր ճակատներում» . Կովկասում, Ֆրանսիայում, Արևելքում և Կիլիկիայում,
-  «Ցեղասպանությունը՝ հանցանք մարդկության և քաղաքակրթության դեմ», որտեղ ներկայացված է պատմական շրջանակները, վկայություններ ջարդերի մասին, հզոր տերությունների արձագանքը, տուժածներին ցուցաբերված օգնությունը:

Համալրվելով նորանոր բացահայտումներով, այս ցուցասրահները ներառում են Հայաստանի և Ֆրանսիայի արխիվներից ստացված փաստաթղթերի, տեքստերի, լուսանկարների, ֆիլմերի մի ընդարձակ շտեմարան՝ տարբեր լեզուներով:

Մյուս երկու ցուցասրահները աստիճանաբար կհամալրվեն, հնարավորություն տալով թանգարանին ներկայացնել նաև նոր պատմությունը.
-  Պատերազմից դուրս գալը,
-  Խորհրդային շրջանից մինչև մեր օրերը:

Ցուցասրահներում զետեղված մեկնաբանությունները շուտով կթարգմանվեն հայերեն և անգլերեն: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ըստ ցանկության կառաջարկվեն թվային ցուցահանդեսներ ասոցիացիաների, դպրոցների և այլն, համար:

Ծրագրի գիտական պատասխանատուները՝ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) տնօրեն, տիկին Կլեր Մուրադյանը և Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն, պարոն Ամատունի Վիրաբյանը առցանց կներկայացնեն կայքը, ինչպես նաև որոշ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք ստացվել են Արխիվների ֆոնդից և լույս են սփռում հայոց պատմութայն էջերի վրա:

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ