Համալսարանի ներկայացումը և առաքելությունը [fr]

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ղեկավարում է ֆրանսիացի ռեկտոր՝ պրոֆեսոր Ժան-Ժակ ՄՈՆՏՈՒԱ : Համալսարանի գլխավոր քարտուղարը ազգությամբ ֆրանսիացի է` Ալեքսանդր Մարտինետին :

Հայաստանում ֆրանսիական համալսարան. պատրաստել վաղվա մասնագետներ` ի նպաստ Հայաստանի և ֆրանս – հայկական հարաբերությունների

ՙՀայաստանում ֆրանսիական համալսարան՚ հիմնադրամը (ՀՖՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է` ստեղծված 2003 թվականին Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների կամոք:

Նրա հիմնադիրները՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը և Արտաքին գործերի նախարարությունը, այսպիսով հավաստեցին այն կարևորությունը, որ հատկացնում են հայ երիտասարդների կրթությանը հանուն Հայաստանի ապագայի և երկու երկրների միջև, պատմության ընթացքում հաստատված վստահության և բարեկամական հարաբերությունների զարգացման:

Նախագծի հենց սկզբից` 2000 թվականից, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնական կրթական գործընկերն է: Այս համագործակցության շնորհիվ շրջանավարտներին տրամադրվում է 2 տեսակի պետական դիպլոմ` հայկական և Ֆրանսիական (Բակալավր / Licence, Մագիստրոս / Master)` համաձայն Բոլոնիայի գործընթացի: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի կրթության և գիտության նախարարության և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցիչներից: Խորհրդի նախագահն է պրն. Արթուր Բաղդասարյանը:

Համալսարանի մակավարժական և վարչական առաքելություններն իրականացվում է մի խումբ ֆրանսիացի և հայ մասնագետների կողմից` ֆրանսիացի ռեկտորի ղեկավարությամբ: Համալսարանը կոչված է պատրաստելու որակյալ մասնագետներ, որոնք կբավարարեն Հայաստանի և Կովկասի տնտեսական տարածաշրջանում աշխատանքի շուկայի նոր պահանջները: Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները ներդնում են իրենց գիտելիքները, հմտություններն ու ձեռք բերած միջազգային փորձը ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացման համար և հանդիսանում են ապագա պոտենցիալ ղեկավարներ:

Համալսարան՝ միտված ֆրանսախոսության զարգացմանը

Հայաստանում ֆրանսիական համալսարան ընդունվելու համար ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ: Առաջին երկու տարիների ընթացքում ուսանողները, բացի մասնագիտական և ընդհանուր առարկաներից, մասնակցում են նաև ֆրանսերենի արագացված դասընթացների, որոնք վավերացվում են միջազգային մակարդակով ընդունված թեստով: Թեստը հաջող հանձնելուց է կախված ուսումնառության հետագա ընթացքը:

Երրորդ կուրսից սկսած՝ մասնագիտական առարկաների առնվազն 20%-ը դասավանդվում են ֆրանսերենով: Մագիստրատուրայում ֆրանսերենով դասավանդվող առարկաները կազմում են 50% և իրականավցում են Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի դասախոսների աջակցությամբ:

Ֆրանսիայում կամ Հայաստանում անցկացրած պրակտիկայից հետո ուսանողը շարադրում է զեկուցագիր, որը պաշտպանում է բանավոր: Այսպիսով, ուսանողները ցուցաբերում են շարադրելու, ինչպես նաև ֆրանսերենով թեզ պաշտպանելու կարողություններ:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը Ֆրանսախոս համալսարանական ասոցիացիայի անդամ է:

Հայ և ֆրանսիացի դասախոսական անձնակազմի կողմից առաջարկվող ակտիվ մանկավարժական պրակտիկա

Հայաստանում ֆրանսիական համալսարանում իրականացվող մակավարժական ծրագրերը մշակվում են Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի համատեղ ջանքերով:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է գործընկեր ֆրանսիական համալսարաններում ուսանած հայ և ֆրանսիացի դասախոսներից:

Ամեն տարի նշված երկու համալսարաններից գործուղված դասախոսներ դասավանդում են համալսարանում և, իրենց հայ գործընկերների հետ մեկտեղ իրագործում են այնպիսի մանկավարժական ծրագրեր, որոնք թույլ են տալիս ժամանակակից տեսական ձեռքբերումները համապատասխանեցնել Հայաստանի մշակութային և տնտեսական համատեքստին:

Ելնելով աշխատաշուկայի արդի խնդիրներից և պահանջներից՝ պրոֆեսորադասախոսական կազմը ներառում է նաև հրավիրված բազմաթիվ մասնագետներ: Վերջիններս իրենց փորձը փոխանցում են ուսանողներին, ինչը նրանց թույլ է տալիս իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերել վերլուծական և որոշում ընդունելու հմտություններ, ինչպես նաև ձեռնարկության կոնկրետ իրողություններին հարմարվելու նշանակալի կարողություններ: Տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ այս համագործակցությունը թույլ է տալիս եվրոպական դասավանդման ծրագրերը և մանկավարժական փորձը համապատասխանեցնել հայկական իրականությանը և տեղական աշխատաշուկայի պահանջներին:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոսներն աշխատում են մենեջմենթի ոլորտում Հայաստանի ամենաառաջավոր ձեռնարկություններում և կազմակերպություններում (Երևանի կոնյակի գործարան, Կոտայքի գարեջրի գործարան, Կենտրոնական բանկ, ՄԱՐՍ, ԱՔՌԱ, Դի–Էյչ–ԷԼ, ԱՄՆ – ի միջազգային զարգացման գործակալություն (USAID), Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոն (AEPLAC), ՀՀ Սահմանադրական դատարան, Երևանի Սեբաստիա-Մալաթիա համայնքի I ատյանի դատարան և այլն):

Համալսարանի ուսանողների աշխատանքային զբաղվածության բարձր մակարդակը Կովկասի տարածաշրջանում ֆրանսախոսության զարգացման անվիճելի ապացույցն է:

Երկու պետական դիպլոմ՝ հայկական և ֆրանսիական

Համաձայն Բոլոնիայի գործընթացի՝ ուսումնառությունը բաժանվում է երկու աստիճանի՝ Բակալավրիատ / Licence և Մագիստրատուրա / Master:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներն ստանում են Հայաստանի երկու պետական դիպլոմ (բակալավրի և մագիստրոսի) և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 և Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանների երկու ազգային դիպլոմ (Licence et Master):

Բակալավրիատում ուսման տևողությունը 4 տարի է, որը համապատասխանում է Հայաստանի համալսարանների անցումային փուլին և որն անհրաժեշտ է ֆրանսերեն լեզվին լավ տիրապետելու համար: Մագիստրատուրայի տևողությունը 2 տարի է:

տպագրված ... 11/02/2013

Էջի սկիզբ