ՀՀ Կրթության և Գիտության նախարար, ՆԳ պարոն Արմեն Աշոտյանը և պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ, պարոն Մնացական Մնացականյանը պարգևատրվեցին «Ակադեմիական արմավենի» շքանշանով [fr]

Նոյեմբերի 27-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով պարգևատրեց ՀՀ Կրթության և Գիտության նախարար, ՆԳ պարոն Արմեն Աշոտյանին, շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության մեջ նրա ունեցած ավանդի համար: Դրա վառ վկայությունը 2011թ., Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանում ստորագրված «Ֆրանսիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև կրթական, գիտական և մշակութային համագործակցության ծրագիրն» է, ինչպես նաև երկլեզվյա դպրոցների խթանումը և թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների հիմնումը, որի բացմանը՝ 2015թ. մայիսի 15-ին, ներկա էր Ֆրանսիայի Բարձրագույն կրթության հարցերով պետքարտուղար, պրն. Թիերի Մանդոնը: Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց պարոն Աշոտյանին Հայաստանում Ֆրանսիական համալսարանին ցուցաբերած նրա մշտական աջակցության համար:

Նախօրեին, Ֆրանսիայի Դեսպանը «Ակադեմիական արմավենի» ասպետի շքանշանով պարգևատրեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ, պարոն Մնացական Մնացականյանին: Իր ելույթում Ֆրանսիայի դեսպանը ողջունեց պրն. Մնացականյանի «ֆրանկոֆիլիան», որը նա դրսևորել էր դեռևս քաղաքապետի պաշտոնում՝ 2004թ. հիմնելով ֆրանսերենի անվճար դասընթացներ մանկապարտեզից մինչև ավագ դպրոցի սաների համար, ինչպես նաև հայ ֆրանկոֆոն դասավանդողների և ուսանողների համար Ֆրանսիայում կազմակերպելով վերապատրաստման ամառային դասընթացներ: Այս նախաձեռնությունը թույլ տվեց ավելի քան 700 երիտասարդների սովորել ֆրանսերեն, իսկ նրանցից ոմանց սովորել Հայաստանում ֆրանսիական համալսարանում: Նշվեց նաև պրն. Մնացականյանի ավանդը ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացման գործում՝ ապակենտրոնացված համագործակցության միջոցով շնորհիվ Թալինի և Բուր-լե Վալանս քաղաքների քույրացման և ԱԺ-ի Ֆրանս-հայկական բարեկամության խմբում նրա ներգրավվածության:

տպագրված ... 03/12/2015

Էջի սկիզբ