ՀՀ Առողջապահության նախարարության և Լը Վինատիե հիվանդանոցային համալիրի միջև ստորագրվեց գործընկերության նոր համաձայնագիր հոգեկան առողջության ոլորտում [fr]

2016թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ Առողջապահության նախարարության և Լիոնի վարչական շրջանի Բրոն քաղաքում տեղակայված Լը Վինատիե հիվանդանոցային համալիրի միջև ստորագրվեց համագործակցության նոր համաձայնագիր:

Հոգեկան առողջության ոլորտում քառամյա համագործակցության մասին այս համաձայնագիրը ստորագրեցին հիվանդանոցային համալիրի տնօրեն Հյուբեր Մոնիեն և ՀՀ Առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ:

Այս նախաձեռնությունը նոր համագործակցության հնարավորություն է ստեղծում առողջապահության բնագավառում, որը Հայաստանի զարգացման համար կարևորագույն ոլորտներից է և հանդիսանում է մեր երկկողմ հարաբերությունների գերակա ուղղություններից մեկը:

Ռոն-Ալպեր Օվերն շրջանի կողմից սատարվող համագործակցության այս համաձայնագրի նպատակն է օժանդակել Հայաստանի (Գյումրի և Երևան) հոգեբուժական հիմնարկություններին : Այս տարի առաջին անգամ, նախագծին իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել նաև Ֆրանսիայի Սոցիալական հարցերի և առողջապահության նախարարության Խնամքի ապահովման գլխավոր վարչությունը՝ 16 000 եվրոյի չափով :

Ֆրանս-հայկական այս նոր ծրագիրը ներառված է Հայաստանի հոգեբուժության ոլորտում Ֆրանսիայի ստանձնած հանձնառության շրջանակներում և հանդիսանում է SANOFI խմբի կողմից 107 000 եվրո ֆինանսավորմամբ պիլոտային ծրագրի շարունակությունը, որն ուղղված է մայրաքաղաք Երևանում շիզոֆրենիայով տառապող հիվանդների խնամքի մատչելիությանը և սոցիալական ինտեգրման բարելավմանը:

Այս համագործակցությունը թույլ կտա ֆրանսիացի և հայ մասնագետներին փոխանակել իրենց փորձն այս ոլորտում: Գործընկերության այս նոր համաձայնագրի առանցքային նպատակներից մեկը Հայաստանի հոգեբուժական հիվանդանոցների հիվանդի խնամքով զբաղվող աշխատակիցների շարունակական և որակական վերապատրաստումն է:

տպագրված ... 23/09/2016

Էջի սկիզբ