Կլիմայական փոփոխությունների մասին Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հարցազրույցը Հայաստանի Հանրապետություն օրաթերթին [fr]

1. Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշում կայացվեց, այնուամենայնիվ, անցկացնել նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում նախատեսված Կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային համաժողովը։ Դա, թերևս, բավականին բարդ որոշում էր՝ հաշվի առնելով հետագա ահաբեկչությունների վտանգը և այն, որ համաժողովին մասնակցելու են շատ երկրների ղեկավարներ։ Անվտանգության ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու, որպեսզի ապահովվի համաժողովի բնականոն աշխատանքը։

Ֆրանսիայի խորհրդարանականների համագումարի առաջ նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների առիթով իր ելույթի ավարտին Նախագահ Օլանդը հետևյալ բնորոշումը տվեց. «Մենք պետք է շարունակենք աշխատել, շարունակենք դուրս գալ տներից, ապրել, ազդել աշխարհի վրա: Այդ պատճառով էլ կլիմային նվիրված միջազգային իրադարձություն համարվող համաժողովը ոչ միայն տեղի կունենա, այլև կլինի հույսի և համերաշխության դրսևորում: COP21-ը հանդիպման կարևոր հանգրվան կլինի մոլորակի ապագայի և մարդկության համար»:
Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց 3 ամսով : Ձեռնարկվել են մի շարք միջոցներ՝ ուղղված օտարերկրյա պետությունների ղեկավարների, համաժողովի այլ մասնակիցների, ինչպես նաև այցելուների անվտանգության ապահովմանը: Ահաբեկչությունից հետո տարբեր վայրերում և տրանսպորտային միջոցների անվտանգության նկատառումներից ելնելով ավելացվել են ուժայինները: Բուրժեում, որտեղ անցկացվելու է համաժողովը, կձեռնարկվեն անվտանգության հատուկ միջոցներ: Մուտքը Միավորված ազգերի գոտի, որտեղ կլինեն պետությունների ղեկավարները և պաշտոնական պատվիրակությունները, կլինի միայն անցաթղթերով և խիստ հսկողության տակ: Բնականաբար կուժեղացվեն քաղաքացիական նախաձեռնություններով հագեցած գոտիների, մասնակիցների միջև շփումների և մոտեցումների ընդհանրացման համար նախատեսված տարածքների անվտանգությանն ուղղված միջոցներ ևս: Բացի այս, COP21-ի ընթացքում կառավարությունն արգելել է ցույցերը հասարակական ճանապարհներին:
Այսպիսով, ձեռնարկվե են հավանական ռիսկերին համարժեք անվտանգության միջոցներ:

2. Միջազգային ահաբեկչությունը, անկայուն իրավիճակը մերձավորարևելյան տարածաշրջանում արդյո՞ք հետին պլան չեն մղում այնպիսի անհետաձգելի խնդիրների լուծման նկատմամբ ուշադրությունը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացման խնդիրները։ Ինչպե՞ս կարող են պետությունները համադրել այդ առաջահերթությունները՝ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ և կատարել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների լուծման իրենց պարտավորությունները։

Ահաբեկչությունը սնվում է քինախնդրությունից, թշվառությունից և անկայունությունից: Կլիմայական խաթարումները պարարտ հող են ստեղծում ահաբեկիչների համար, հակամարտություններ առաջացնելով բնական պաշարների շուրջ / օրինակ պատերազմեր ջրային ռեսուրսների մատչելիության համար/, ինչպես նաև կլիմայական պայմաններով թելադրված փախստականներ, որոնք ենթադրվում է՝ կարող են ամբողջական տարածքներ ապակայունացնել: Բոլոր այս չարիքներից գերազանցապես տուժում են ամենաաղքատներն ու ամենախոցելիները:
Կլիմայական խաթարումներն առավելագույնս նվազեցնելուն ուղղված գործողությունը ահաբեկչությունը կանխարգելող գործողություն է: Համաձայն Համաշխարհային բանկի՝ լրացուցիչ 100 միլիոն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության շեմից ցածր, եթե ոչինչ չձեռնարկվի գլոբալ տաքացումը զսպելու համար:
Ի դեպ, կլիմայի և անվտանգության միջև կապի վերաբերյալ տարվա ընթացքում տեղի են ունեցել միջազգային մի շարք հանդիպումներ: Պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ՝ նշանակում է նաև պայքարել սեփական երկարաժամկետ, կայուն անվտանգության համար:

3. Պատերազմական իրավիճակները, ահաբեկչությունն ու ահաբեկչության դեմ պայքարը լրատվական դաշտում առավել հաճախ են արծարծվում, քան կլիմայի փոփոխության խնդիրներն ու դրանց հետ կապված մարտահրավերները։ Կարելի՞ է ասել, որ նշված գործոնների պատճառով վերջին խնդիրները միջազգային հանրության և պետական էլիտայի ուշադրության կենտրոնից վրիպում են։

Պետությունների ազգային ներդրումները, քաղաքացիական հասարակության հանձնառությունները, տեղական ինքնակառավարման մարմինների և ձեռնարկությունների աջակցությունները նշանակալի են եղել ընթացիկ տարում : Ընդհակառակը, դրանք վկայում են կլիմային նվիրված համաժողովի նկատմամբ միջազգային հանրության դրսևորած կարևորությունը: Համաժողովը պետք է պատրաստի համընդհանուր և օրենքի ուժ ունեցող մի համաձայնագիր՝ ուղղված 2020 թվականին հաջորդող ժամանակաշրջանին: Այն կհաջորդի Կիոտոյի արձանագրությամբ /1997թ./ ամրագրված միայն ինդուստրիալիզացված պետությունների ստանձնած հանձնառություններին:
Անցյալ շաբաթ Մեծ քսանյակի՝ Թուրքիայում կայացած գագաթնաժողովի ընթացքում մոլորակի զարգացած պետությունների ղեկավարները համաձայնվեցին, որ 2015 թվականը վճռորոշ տարի է կլիմայի համար: Մոլորակի տնտեսապես հզոր պետությունների առաջին քսանյակն արտահայտվեց հօգուտ « արդար, հավասարակշռված, հավակնոտ, կայուն և դինամիկ» , ինչպես նաև «դիֆերենցված պարտավորությունները և յուրաքանչյուր պետության հնարավորությունները» հաշվի առնող համաձայնագիր կնքելու գաղափարի:

4. Որո՞նք են լինելու այն հիմնական օրակարգային խնդիրները, որոնք պետք է քննարկվեն համաժողովի ընթացքում։ Ինչպիսի՞ ձեռքբերումներ կան կլիմայի փոփոխության խնդիրների լուծման եւ պետությունների պարտավորությունների կատարման առումով, եւ ո՞ր խնդիրները մինչ օրս չեն լուծվել։ Ինչպիսի՞ դեր է կատարում այստեղ Ֆրանսիան։

COP21-ի նպատակները սահմանվել են 2011-ին Դուրբանում, այն է՝ մշակել իրավաբանորեն պարտադրող ուժ ունեցող միջազգային համաձայնագիր, որով կլիմայի տաքացումը չի գերազանցի 2˚C-ը : Սրան հասնելու համար պետությունները (այսօրվա դրությամբ 154) ներկայացրել են իրենց ազգային ներդրումները, նշելով իրենց հանձնառությունները, կլիմայական խնդիրներին վերաբերյալ իրենց նորարարական և հաշվարկված լուծումները, որոնք կներկայացվեն Փարիզյան համաժողովին:
Ապագա համաձայնագրի իրավաբանական ձևի և հսկողության մեխանիզմների հարցը կլուծվի Փարիզյան համաժողովին մասնակցող 195 պետությունների կողմից: Ըստ Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «Դա համաձայնագիր չի լինի, եթե չունենա իրավաբանական տեսանկյունից պարտադրող ուժ : Դա կնշանակի, որ հնարավոր չի լինի ստուգել կամ հսկել ստանձնած պարտավորությունները» :
Ֆրանսիան պետք է ապահովի միջնորդի դերը բոլոր մասնակիցների միջև, որպեսզի գտնվի համապիտանի և իրավաբանական տեսանկյունից պարտադրող ուժ ունեցող համաձայնագիր, որով մինչև այս դարի վերջը գլոբալ ջերմաստիճանը չպետք է գերանցի 2˚C-ի շեմը:

5. Ի լրումն նախորդ հարցի՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության ի՞նչ ուղիներ են նախանշված Հայաստանի համար ընդհանրապես, եւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների շրջանակում մասնավորապես։

Առկա կլիմայական փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մարդկային գործունեության արդյունքում ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումներով (հիմնականում ածխածնի երկօքսիդ): Մեղքի իր բաժինն ունի տարբեր նպատակներով հանածո վառելիքի սպառումը, սակայն չպետք է մոռանալ նաև հողատարածքների իրացումը՝ ներառյալ անտառահատումները, որին վերագրվում է ջերմոցային գազերի՝ մթնոլորտային արտանետումների աճը պայմանավորող երկրորդ տեղը (17 %/) : Հայաստանը պարտավորվում է զարգացնել նվազ ածխածնածին էներգիայի արտադրման ճյուղեր՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներ (հիդրա և արևային), էներգետիկ արդյունավետություն, անտառների վերատնկում : Ահա այստեղ առաջանում է միջազգային գործընկերների հետ թափոնների կառավարման հարցը : Հայկական բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցելու է COP21-ի աշխատանքներին : Սրանից զատ, այս առիթով Հայաստանը կարող է ընդլայնել կլիմայի տաքացման դեմ պայքարի համագործակցության իր դաշտը Ֆրանսիայի հետ:

6. Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը՝ կլիմայի փոփոխության գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար։ Արդյո՞ք պատերազմական գործողությունները եւ անկայունությունը որոշ տարածաշրջաններում, ինչպես նաեւ ահաբեկչությունը չեն հանգեցնում այդ քայլերի արդյունավետության նվազմանը։

Ըստ միջկառավարական փորձագետների խմբի, 2˚C-ը գերազանցող տաքացումը հղի կլինի անդառնալի հետևանքներով, բազմապատկելով կլիմայական էքստրեմալ իրադարձությունները: COP21-ը պետք է միջազգային մակարդակով ընդունի ոչ միայն կլիմայական փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելուն (ծովի մակարդակի բարձրացում, երաշտ…), այլև ջերմոցային գազերի արտանետումների կրճատելուն ուղղված միջոցներ: Խոսքն այստեղ էներգիայի վերականգնվող աղբյուրների կամ նվազ արտազատումներով տրանսպարտային միջոցների մասին է :
Եթե այսօր պայքարն ահաբեկչության դեմ ժողովրդավար երկրների և հայտնի պատճառներով հատկապես Ֆրանսիայի մեծ մտահոգությունն է, ապա չվերահսկվող կլիմայական տաքացումը ևս կհանգեցնի անկայունության խորացմանն աշխարհում, որը հատկապես կարտահայտվի վտանգված գոյությամբ ամբողջական տարածաշրջաններով, երկրներով և կլիմայական պայմաններով թելադրված միլիոնավոր փախստականներով: Անշուշտ, դժվար է ներգործել կլիմայական փոփոխությունների վրա պատերազմական դրության մեջ գտնվող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան կամ Լիբիան, սակայն բարեբախտաբար երկիր մոլորակի ամենամեծ մասը զերծ է մնացել ռազմականացված հակամարտություններից:

տպագրված ... 30/11/2015

Էջի սկիզբ