Դեսպանի հոդվածը տպագրված Առավոտ օրաթերթում [fr]

Ինչպե՞ս Հայաստանը ավելի գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար

Ներդրումային քաղաքականությունը տնտեսության զարգացման հիմնական վեկտորներից մեկն է: Ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով, Հայաստանի կառավարության համար առաջնահերթ խնդիրներ են հանդիսանում ձեռներեցության համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, կարգավորիչ համակարգի թափանցիկության ամրապնդումը, երկրի առաջատար սեկտորների և մրցակցային դաշտում առավելությունների բացահայտումը:

Վերջին երկու տարիներին, երկրում արվել է ավելի քան 600 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ հանքարդյունաբերության, գյուղմթերքների, քաղաքացիական ավիացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ոսկերչության սեկտորներում: Տարեկան կտրվածքով այս ներդրումները 3,4տոկոսի չափով նպաստում են Հայաստանի ՀՆԱ-ի աճին:

Միջազգային այնպիսի կազմակերպությունների գնահատականները, ինչպիսիք են Investing Across Borders-ը (Ներդրումներ առանց սահմանների), Doing Business-ը կամ Համագործակցության և Տնտեսական զարգացման կազմակերպության SME Policy Index-ը (ՓՄՁ քաղաքականության ինդեքս) ընդգծում են երկրում արձանագրված առաջընթացը օտարերկրյա ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության առումով: Հայաստանի շուկան փոքր է, սակայն նա կարող է ներդրողներին հնարավորություն տալ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և Հայաստանին շատ մոտ գտնվող Իրանի շուկաներ:

Ֆրանսիան օտարերկրյա գլխավոր ներդրողներից մեկն է Հայաստանում: Նա աջակցում է այն կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի երկիրը կարողանա իսկապես մրցունակ և գրավիչ լինել, ստեղծելով կայուն հնարավորություններ օտարերկրյա ներդրողների համար: Այսպես, Ֆրանսիական Բիզնես Ֆրանս (Business France) գործակալությունը եվրոպական ֆինանսավորմամբ իրականացնում է Թվինինգ ծրագիր հօգուտ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության օտարերկրյա ներդրումների, արտահանման և զբոսաշրջության ազգային գործակալությունը: Բիզնես Ֆրանսը փոխանցում է երկրի գրավչության զարգացման ռազմավարության ոլորտում իր փորձը, միաժամանակ բացահայտելով առաջատար սեկտորները, օգնելով ներկայացուցչության մեխանիզմների ստեղծմանը, երկխոսությանը, իրականացված ներդրումների վերահսկմանը և ապահովում դեպի Հայաստան ներդրումների ծավալը:

Թվինինգ ծրագրի բաղադրիչներից մեկը Հայաստանում հետներդրումային (aftercare services) ծառայությունների զարգացումն է: Օտարերկրյա ներդրողներին գրավելը բավարար չէ, անհրաժեշտ է նրանց պահել, խթանել վերաներդրումները, նրանց լսելով, նրանց հետ երկխոսելով, արդյունավետ կերպով քննարկելով այն խնդիրները, որոնց նրանք հանդիպել են ներդրման ընդլայնման այս որոշումը ստանալիս: Եվ ընդհակառակը՝ եթե ներդրողը որոշում է հեռանալ, դա բոլորովին լավ ազդանշան չէ պոտենցիալ ներդրողների համար, ովքեր ուշադիր հետևում են գործարար միջավայրին՝ միջազգային մրցակցության պայմաններում, որտեղ կապիտալը միտում ունի ուղղվել դեպի ավելի հաստատուն տարածքներ և ներդրումները լինեն ավելի շահավետ:

Գրավչության հիմնական բաղադրիչը՝ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը մեծապես կարևորվում է ձեռնարկությունների և օտարերկրյա ներդրողների կողմից, ինչն ինքնին ենթադրում է շուկա մուտք գործելու համար հավասար պայմանների ապահովում: Այս նպատակով, ինչպես և Հայաստանի կառավարությունը պարտավորվել է, անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների համար նոր օրենք որդեգրել, նոր հարկային օրենսգիրք, որը կերաշխավորի հարկման թափանցիկ և գրավիչ մակարդակներ, և Մաքսային համակարգի գործունեության պարզեցում:

Ֆրանսիան և ԵՄ-ն քաջալերում են ՀՀ կառավարությանը սկսել մենաշնորհների մասին օրենքի մշակումը, ինչպես վերջերս հայտարարել էր Էկոնոմիկայի նոր նախարարը: Այս օրենքը պետք է թույլ տար բնութագրել մենաշնորհային դիրքորոշումները և գործելակերպը և արդյունավետ վերահսկողություն իրականացնել, խախտումների դեպքում պատժամիջոցներ կիրառելու հնարավորությամբ:

Տնտեսական այս անհրաժեշտ բարեփոխումները կապահովեն պայմաններ արդար մրցակցության համար: Հանդիսանալով կարևոր ազդանշան օտարերկրյա ներդրողների համար, ովքեր իրենց ներդրումների համար ակնկալում են անվտանգություն և շահութաբերություն, դրանք նպաստում են Հայաստանի գրավչությանը և միջազգային առևտրի զարգացմանը:

ԺԱՆ-ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

տպագրված ... 20/12/2018

Էջի սկիզբ