Դեսպանի բարեմաղթանքները հայ ժողովրդին 2013 թվականի համար [fr]

Սիրելի հայ բարեկամներ,

2012 թվականը դրական նոտայով է ավարտվում Հայաստանի համար։ Օրեր առաջ, Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Գրեթե ավարտին է մոտեցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը, սկսվել են ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները։ Ո՞վ կհավատար սրան մեկ տարի առաջ։ Եվրամիության հետ այս սերտացումը տարանջատված չէ Հայաստանի գրանցած տնտեսական առաջընթացներից. պահպանվում է տնտեսական աճը, արտահանումների ծավալն աճում է ավելի արագ քան ներմուծմանը, զգալիորեն բարելավվել է տնտեսական մթնոլորտը։

Քաղաքական տեսանկյունից, մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին հաջորդող նախագահական ընտրությունները ժողովրդավարության նոր քննություն կլինեն Հայաստանի համար։ Հավատացած եմ, որ իր ստանձնած հանձնառությանը հավատարիմ, Հայաստանն ի զորու է կազմակերպելու ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ։

2012-ին ֆրանս-հայկական հարաբերություններն էլ ավելի սերտացան։ Վերջերս, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած պետական այցն անշուշտ նոր լիցք հաղորդեց ոչ միայն երկու երկրների քաղաքական համագործակցությանը և երկխոսությանը, այլև տնտեսական հարաբերություններին՝ պայմանավորված ՀՀ Նախագահի և Լիոնի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումով։ Այս համատեքստում, մոտ ապագայում Կարֆուր հանրախանութների նորամուտը Հայաստան շատ լավ նորություն է։

Ֆրանսիան իր գոհունակությունն է հայտնում, որ հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Կինշասայում կայացած գագաթաժողովին Հայաստանին շնորհվեց լիիրավ անդամի կարգավիճակ։

Քսան տարի շարունակ, Հայաստանն ընթանում է ժողովրդավարության և տնտեսական առաջընթացի ճանապարհով։ Այդ ճանապարհը նա հաճախ անցել է դժվար պայմաններում։ Իր ուղին շարունակելու համար, Հայաստանը գիտի, որ կարող է ապավինել Եվրամիության օժանդակությանը։ Հայաստանը գիտի, որ իր կողքին է Ֆրանսիան։

Երկու տարուց ավելի է հանդիպում, շփվում եմ հայերի հետ մայրաքաղաքում, նաև մարզային քաղաքներում, անգամ գյուղերում։ Միշտ տպավորված եմ ոչ միայն իմ նկատմամբ ցուցաբերած ընդունելության ջերմությանից, այլ նաև, թե ինչպես են հայերը պայքարում իրենց զավակների ու երկրի ապագայի համար։ Քաջալերում եմ նրանց շարունակել ժողովրդավարության, տնտեսական աճի և Եվրամիության հետ սերտացման այդ ճանապարհով։

Մեր հայ բարեկամներին մաղթում եմ առողջություն, բարգավաճում և երջանկություն։ Ցանկանում եմ տարածաշրջանային խաղաղության արագ վերահաստատում, որպեսզի Հայաստանը կարողանա նորից վերստանձնել, իր կոչումին հատուկ, երկխոսության և մշակույթի խաչմերուկի իր դերակատարությունը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

տպագրված ... 31/05/2017

Էջի սկիզբ