«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճի» հանդիսավոր բացման արարողությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանում [fr]

Հայաստանում ֆրանսիական համալսարանն Իրավաբանական ֆակուլտետում կրթությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել է նորարական «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճ», որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 3-ին:

Դահլիճի ստեղծման ծրագիրը համապատասխանում է ՀՖՀՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի դեկան Նորա Սարգսյանի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան Բեատրիս Բալիվեի ցանկությանը՝ ուսանողներին տրամադրել իրավաբանական մասնագիտացված կրթություն:

Միջոցառումը սկսվեց ՀՖՀՀ ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ժան-Ժակ Մոնտուայի բացման խոսքով:

« «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճը» կահավորված է հայաստանյան դատարանների դիզայնով, ինչը հնարավորություն կընձեռի ՀՖՀՀ-ի Իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին ներկա գտնվել իրական «Դատական նիստերի դահլիճում»: Արդյունքում կուժեղացվի կրթության մասնագիտացվածությունը, որը ՀՖՀՀ-ի առաջնային առաքելությունն է՝ կրթել հայկական, ինչպես նաև միջազգային մասնագիտական փորձառությամբ բարձրակարգ մասնագետներ : «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճը» ստեղծվել է ի շահ ուսանողների՝ նպաստելու մասնագիտական միջավայրի, մասնավորապես իրավական համակարգի հաստատությունների հետ կապերի ամրապնդման: Այն ուսանողներին առավելագույն հնարավորություն կընձեռի գտնել իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ միջին և բարձր օղակներում»,-նշեց ՀՖՀՀ ռեկտորը:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Ծրագրերի պատասխանատու Միհաելա Կոդրեանուն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարիանը : Առցանց վիդեոկոնֆերանսի միջոցով իրենց շնորհավորանքի խոսքն ասացին նաև Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանից կից դեկաններ Գիյոմ Ռուսեն (Իրավաբանական ֆակուլտետ) և Ժան- Բատիստ Կարտիեն (Կառավարման, Մարքեթինգի ու Ֆինանսների ֆակուլտետներ):

Դահլիճը համալրված է վիդեոկոնֆերանսի սարքավորումներով, որոնց շնորհիվ ուղիղ կապի միջոցով կիրականացվեն դասախոսություններ և դիպլոմային աշխատանքների պաշտպանություններ ֆրանսիական գործընկեր համալսարանի ներգրավմամբ, համաժողովներ և այլ միջոցառումներ:

«Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճի» կահավորմանն աջակցել է Օվերն-Ռոն-Ալպ շրջանը, իսկ վիդեոկոնֆերանսի սարքավորումները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Օրանժ Արմենիա ընկերության և համալսարանի միջոցներով:

Համաձայն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) հետ կնքված համաձայնագրի՝ «Դատական նիստերի և վիդեոկոնֆերանսի դահլիճի» ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել նաև հայաստանյան ֆրանկոֆոն համալսարանները:

տպագրված ... 10/07/2015

Էջի սկիզբ