Ապակենտրոնացված համագործակցությունը հանուն կլիմայի [fr]
Նոյեմբերի 14-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ալիանս ֆրանսեզում կազմակերպել էր կլոր սեղան Ռոն-Ալպեր շրջանի պատգամավորների հետ՝ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 21-րդ նստաշրջանի /COP 21/ մարտահրավերները և տեղական ինքնակառավարման մարմինների դերը գլոբալ տաքացման դեմ թեմաներով:
Այս հանդիպումը համախմբել էր շուրջ 40 մասնակցի, այդ թվում պատգամավորներ, բնապահպանական և կրթական ասոցիացիաներ, միջազգային կազմակերպություններ (PNUD, UNIDO…) :
Կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, հայ և ֆրանսիացի պատգամավորները մտքեր փոխանակեցին տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված լուծումների վերաբերյալ : Մասնավորապես, Ռոն-Ալպեր շրջանի ազգային պարկերի հարցերով տարածաշրջանային խորհրդական պրն. Էդուարդ Սիմոնյանը ներկայացրեց վերականգնվող էներգիայի բնագավառում (արևային, բիոմասսա) օգտագործվող միջոցները և նորարար տեխնոլոգիաները : Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը, ներկայացրեց Ռոն-Ալպեր շրջանի գյուղական համայնքների կողմից իրականացվող գործողությունները շենքերի էներգետիկ արդյունավետության, վերականգնվող էներգիայի (ջեռուցում փայտով), ածխածնի արտանետումների հարկի միջոցով ձեռնարկությունների ներգրավման բնագավառներում: Հայկական համայնքների զեկույցներում հիմնականում արծարծվում էին հանրային օբյեկտների էներգաարդյունավետությանը, թափոնների կառավարմանը, այլընտրանքային էներգիայի օգտագործմանը վերաբերող հարցեր : Խոսվեց նաև նախագծերի ֆինանսավորման մասին՝ հաշվի առնելով կառավարական սուբսիդավորման սղությունը և Հայաստանի 900 համայնքների սահմանափակ ռեսուրսները :
Հաստատված կապերի շնորհիվ հնարավոր կդառնա զարգացնել երկկողմ համագործակցությունը նշված ոլորտում, մասնավորապես Ֆրանսիայի գյուղական համայնքների ղեկավարների և Հայաստանի համայնքների ասոցիացիայի միջև ստորագրված գործընկերության պայմանագրի շրջանակներում :