Ապակենտրոնացված համագործակցության երրորդ Համաժողովը Երևանում [fr]

Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ Համաժողովը տեղի ունեցավ այս տարվա դեկտեմբերի 1-ից 2-ը Երևանում: Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր ավելի քան 200 մասնակիցների: Ընտրված պաշտոնյաները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, ներկա գտնվող ասոցիացիաների անդամներն ու փորձագետները ներկայացրին իրենց ծրագրերը և քննարկեցին ապագայի հեռանկարները հետևյալ թեմաների շուրջ՝ գյուղատնտեսություն, կրթություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, քաղաքային ենթակառուցվածքներ:

Բացման նիստը տեղի ունեցավ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ: Դեսպանը կարդաց Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան-Մարկ Էրոյի ուղերձը: Ֆրանսիական համայնքները ներկայացված էին Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի Հայաստան խմբի ներկայացուցիչ , Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իզաբել Կոլերիի կողմից, իսկ հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի համայնքների միության Ֆրանսիա խմբի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Սեմինարների ընթացքում կատարված աշխատանքները թույլ տվեցին ամփոփել նախկինում ստանձնած հանձնառությունները և առաջարկել ուղղություններ հետագա համագործակցության համար: Տեղանքներ կատարած այցելությունները, համապատասխան թեմաներով սեմինարներին մասնակցելու համար՝ Ծաղկաձոր զբոսաշրջություն, Wine Academy և Ոսկեվազի խաղողի այգի գյուղատնտեսություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Հայաստանում Ֆրանսիական Համալսարան կրթություն, հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Հայաստանի կոնկրետ հնարավորությունների մասին և հանդիպել նոր պոտենցիալ գործընկերների :

Ֆրանսիացի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրին : Ցեղասպանության թանգարան այցից հետո, նրանք մասնակցեցին Ժոսլին Սարյանի «1բիս, հայկական պատմագրություն» ֆիլմի դիտմանը : Սա փաստագրական ֆիլմ է Ֆրանսիայում հայերի ինտեգրման մասին, որը նկարահանվել է Շուազի լը Ռուա քաղաքի աջակցությամբ :

Առաջին օրն ամփոփվեց Ֆրանսիայի դեսպանատանը տրված ընդունելությամբ, որտեղ ֆրանսիացի և հայ գործընկերները ջերմ մթնոլորտում հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և ավելի մոտիկից ծանոթանալ իրար հետ :

Լիագումար նիստում, քննարկումներ ծավալվեցին տեղական ժողովրդավարության մեջ քաղաքացու դերի մասին, որին հայկական կողմից մասնակցում էին Փարաքարի քաղաքապետ Սամվել Վարդանյանը և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանը, իսկ ֆրանսիական կողմից Գարժիլես-Դամպիերի քաղաքապետ և Ֆրանսիայի գյուղական համայնքների քաղաքապետերի ասոցիացիայի նախագահ Վանիկ Բերբերյանը, Վերին Լուարայում Օտրակի քաղաքապետ և Պեյի դը Բլելի համայնքների միավորման փոխնախագահ Քրիստոֆ Բեդրոսյանը և Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ, մշակույթի, խոշոր միջոցառումների և քաղաքացիների իրավունքների հարցերով հանձնակատար Ժորժ Քեփենեկյանը: Քննարկումները վարում էր «Նուվել դ’Արմենի» պարբերականի թղթակից Սեդա Մավյանը: Սա լավ առիթ էր մտորելու ընդհանուր խնդիրների մասին, որոնց կարող են հանդիպել ֆրանսիացի և հայ ընտրված պաշտոնյաներն իրենց քաղաքացիների հետ հարաբերություններում:

Համաժողովի ավարտին, 2016թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված եզրափակիչ հռչակագիրը սահմանում է հաջորդ երեք տարվա անելիքները, որպես գերակայություն ընդունելով տարածքների տնտեսական զարգացումը: Համայնքները վճռական են խորացնել իրենց համագործակցությունը նորարարական լուծումներ գտնելու համար, զարգացնել փոխշահավետ գործընկերությունները համատեղ նախաձեռնություններով և խթանել հայկական փորձագիտական դաշտը:

տպագրված ... 01/06/2017

Էջի սկիզբ