Ահաբեկչություններ Փարիզում. Հայաստանի զորակցությունը Ֆրանսիային [fr]

Փարիզի ահաբեկչությունների անմեղ զոհերի հիշատակին նվիրված հավաք տեղի ունեցավ շաբաթ երեկոյան, Ֆրանսիայի հրապարակում, հարյուրավոր անձանց և բազմաթիվ բարձրաստիճան այրերի մասնակցությամբ, ովքեր իրենց զորակցությունը հավաստեցին Ֆրանսիայի Հանրապետությանը: Ներկաների թվում էին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ պարոն Էդուարդ Շարմազանովը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանը:
Հնչեց Ֆրանսիայի ազգային հիմնը և ծաղկեփնջեր դրվեցին Ռոդենի կերտած նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի մոտ:

Հաջորդ օրը, կիրակնօրյա հանդիսավոր մեծ պատարագից հետո, Ամենայն հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար պարոն Կարեն Նազարյանի և Ֆրանսիայի դեսպանի ներկայությամբ կատարվեց ռեքվիեմը:

Երկուշաբթի, նոյեմբերի 16-ին բացված ցավակցությունների գիրքը հնարավորություն ընձեռեց յուրաքանչյուրին արտահայտելու իր ցավը: Մասնավորապես գրառումներ կատարեցին ՀՀ Վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաև մի շարք դեսպաններ և ՀՀ քաղաքացիներ:

Մյուս կողմից, Ֆրանսիայի դեսպանությունը հատկապես զգացված է ինչպես համացանցում՝ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, այնպես էլ ֆիզիկապես՝ դեսպանության առջև զորակցության ինքնաբուխ բազմաթիվ դրսևորումներից:

տպագրված ... 17/11/2015

Էջի սկիզբ